Կարծես թե պարզ է, որ Հայաստանի համար Արևմուտքի և Ռուսաստանի խաղը կամ պայքարը դեռ շարունակվելու է, և այն ընդհատված չէ: Պարզապես կարող են փոփոխություններ լինել տակտիկական հարցերում, կարող են փոխվել մեթոդները, գործիքները, ինչ-որ առումով նաև կազմերի փոփոխություններ կարող են լինել, սակայն պայքարը շարունակվելու է, քանի որ պարզից պարզ է, որ այստեղ խնդիրը Հայաստանի հետ կապված որևէ իրավաբանական ձևաչափը չէ, այլ գործընթացներ, որոնք կազմում են աշխարհաքաղաքական հավերժական շղթայի մաս:
Եվ այստեղ Հայաստանի, այսպես ասած, պերճանքն ու թշվառությունն է միաժամանակ: Առայժմ միաժամանակ, ինչ-որ առումով նաև փոխնիփոխ, սակայն այս երկու իրողությունները ժամանակի ընթացքում անպայմանորեն զիջելու են մեկը մյուսին, և Հայաստանը կամ մնալու է պերճանքի, կամ թշվառության միջև:
Բանն այն է, որ աշխարհաքաղաքական մրցակցության հետաքրքրության օբյեկտ հանդիսանալն ինքնին վատ կամ ողբերգական բան չէ: Ողջ խնդիրն այն է, թե ինչքանով է տվյալ օբյեկտը պարունակում սուբյեկտ դառնալու ներուժ, ինչքանով է կարողանում պատրաստ լինել աշխարհաքաղաքական այդ մրցակցությանը և ճիշտ կողմնորոշվելով հանդերձ սպասարկել սեփական շահերը, կարողանալ օգտագործել մրցակցության արդյունքում առաջացող հնարավորությունները: Երբ այս ամենը բացակայում է, աշխարհաքաղաքական մրցակցության օբյեկտ հանդիսանալը վերածվում է թշվառության ամենակարճ ճանապարհի:
Հայաստանն առայժմ այս երկուսի՝ պերճանքի ու թշվառության, մեջտեղում է, թեև ավելի շատ ականատես ենք լինում թշվառության, քան հակառակը՝ հատկապես վերջին տասնամյակում և առավելապես վերջին 6-7 տարիներին: Սակայն ասել, որ պերճանքի հնարավորությունները սպառված են, իհարկե չափազանց վաղ կլինի: Սպառված չեն, բայց սպառմանն են մոտենում շատ ավելի արագ, քան կարելի է պատկերացնել, կամ քան պատկերացնում ենք:
Եվ այստեղ պատճառը բոլորովին Արևմուտքի կամ Ռուսաստանի քայլերը կամ ձգտումները չեն: Այստեղ պատճառը հենց մեր մեջ է, Հայաստանում: Արևմուտքի կամ Ռուսաստանի, Հյուսիսի կամ Հարավի, գերտերությունների ձգտումները եղել են միշտ և լինելու են, քանի կան մեծ ու փոքր տերություններ և պետություններ: Մեծերը միշտ էլ փորձելու են պայքարել փոքրերի համար, և այս իրողությունը փոխել փոքրերն անզոր են: Բայց փոքրերը միանգամայն ի զորու են կամ պետք է լինեն ի զորու փոխել իրենք իրենց և դառնալ ժամանակին ադեկվատ, ապագայի մարտահրավերներին ադեկվատ: Իսկ ադեկվատությունն ամեն ինչ մերժելը չէ: Հակառակը, դա ոչ ադեկվատության նշաններից մեկն է, հատկապես Հայաստանի դեպքում:
Ադեկվատությունը ընտրության իրավունքը պահպանելն է, ընտրելու կարողությունը, բանականությունը պահպանելը, սեփական շահերը գիտակցելը, դրանք աշխարհաքաղաքական գերակա տրամաբանության մեջ հնարավորինս արդյունավետ տեղավորելն ու սպասարկելը: Կարո՞ղ ենք մենք Հայաստանում ուժ և իմաստնություն գտնել այս ամենն անելու համար` մեր անկախության բալանսում պերճանքը կգերակայի թշվառության հանդեպ: Չե՞նք կարող` ուրեմն կարժանանանք թշվառության, որն ունի բյուրավոր ձևեր, բայց նույնիսկ թշվառության ձևի ընտրությունը այլևս չեն թողնի մեր հայեցողությանը:







































