ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայն է ՀՀ կենտրոնական բանկի դիտարկումներին, որ գնանկման պատճառներից մեկը համաշխարհային շուկայում հումքային ու պարենային ապրանքների գնանկման ներթափանցումն էր հայաստանյան տնտեսություն։
«Այս տարի ակնհայտ է, որ պետք է վերականգնվել, որովհետև գնանկումային միջավայրից հետո եթե աճում է նաև ներքին պահանջարկը, և կան դրական զարգացումներ, բնականաբար, այդ գները պետք է հետ գան»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արամյանը։
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա հինգ ամսում արդեն ունենք 12-ամսյա 1.6 տոկոս գնային միջավայր։ «Մեր նման տնտեսության համար պատահական չէ, որ չորս տոկոս թիրախ է ընտրվել, որովհետև չորս տոկոս գնաճն այն է, որն ընդհանուր տնտեսության մեջ ստեղծում է ռեսուրսների վերաբաշխման համար ճիշտ հիմքեր, որպեսզի չտուժի տնտեսական աճը»,- նշեց նախարարը։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրին, որով ՀՀ ԿԲ-ն ընդունել է գնաճի երկարաժամկետ կայուն՝ 4±1.5 տոկոս ցուցանիշը:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը 2017 թվականի համար հասանելի է համարում պետական բյուջեով նախատեսված 3.2 տոկոս տնտեսական աճը:
«Ես մի քանի անգամ շեշտել եմ՝ կապված առաջին հինգ ամսվա զարգացումների հետ, որ 3.2 տոկոս տնտեսական աճից, հնարավոր է, մենք մի փոքր էլ ավելի բարձր աճ ապահովենք: Բայց, ամեն դեպքում, մենք նայում ենք ֆունդամենտալ հիմքերով, իսկ տարեկան կտրվածքով դրանք այնպիսին են, որ ինձ թույլ են տալիս ասել, որ 3.2 տոկոս տնտեսական աճը հասանելի է, իսկ ավելի բարձր աճ, դա նշանակում է ավելի բարձր ներդրում, ավելի բարձր ներքին պահանջարկ, ավելի բարձր եկամտի աճ»,-ասաց նա։









































