«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:
– Պարոն Քամբեք, չնայած ՀՀ նախագահը Մոսկվայում հայտարարեց ՄՄ-ին միանալու ցանկության մասին, որն, ըստ էության, հակասում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին մաս կազմող ԽՀԱԱԳ պայմանագրին, որոշ հայաստանյան փորձագետներ և քաղաքական գործիչներ ցանկանում են, որ Վիլնյուսում կամ դրան ընդառաջ ՀՀ իշխանությունները ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրեն: Օրինակ` Դավիթ Շահնազարյանը պնդում է, որ հնարավոր է Հայաստանին տալ կարգավիճակ, որը կլինի որոշակիորեն ավելի ցածր, քան Վրաստանի և Մոլդովայի կարգավիճակն է, և ավելի բարձր, քան օրինակ` Բելառուսինն է: Նման բան հնարավո՞ր է արդյոք:
– Ամեն ինչ հնարավոր է, եթե կա քաղաքական կամք: Հետևելով վերջին օրերի զարգացումներին՝ նկատում եմ, որ մի միտք է հասունացել ԵՄ գլխավոր մայրաքաղաքներում, թե՝ ԵՄ-ն պետք է ինչ-որ բան առաջարկի Հայաստանին՝ բացի արդեն իսկ ներկայումս բանակցված տեքստից: Ես ենթադրում եմ, որ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը Ասոցացման համաձայնագրի լիովին նոր տեքստ կարող է պատրաստվել: Ինչպես ՀՀ նախագահը Մոսկվայում համարյա նախնական արձանագրություն ստորագրեց հօգուտ ՄՄ-ի, ապա ԵՄ-ն ու ՀՀ-ն ևս կարող են արձանագրություն ստորագրել, որում կֆիքսեն մի շարք հայտարարված նպատակներ վերամշակվելիք Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ: Շաբաթների ընթացքում այդ նպատակները կարող են բանակցվել նոր Ասոցացման համաձայնագրում: Սա մի քանի այլ տարբերակների շարքում ամենաիրագործելին է:
– Որքա՞ն եք գնահատում այդ հատուկ կարգավիճակի մշակման հնարավորությունը՝ հաշվի առնելով եվրոպական տրամադրությունները:
– Քանի դեռ հայաստանյան հասարակությունը ցանկանում է ունենալ եվրոպական հասարակության արժեքները և ապրելակերպը, ապա ես լիահույս եմ: Ոչ ՀՀ իշխանությունը, ոչ էլ ԵՄ իշխանությունները չեն կարող թողնել իրենց համագործակցությունը հանուն ժամանակակից, ժողովրդավարական և որակյալ երկրի, քանի դեռ այս միտքը գերակշռում է հայաստանյան հասարակության շրջանում: Իսկ ինչո՞ւ է գերակշռում. որովհետև մարդիկ զգում են, որ Հայաստանին այդ ամենն անհրաժեշտ է՝ ավելի լավ կյանքի չափանիշների հասնելու և գոյատևելու համար:
– Պարոն Քամբեք, բացի Ձեր նշած քաղաքական կամքից ու հանրային տրամադրություններից՝ ԵՄ անդամ երկրներում ևս կան որոշակի տրամադրություններ, որոնցից կարելի է առանձնացնել երկու ուղղություն` Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի ուղղությունը, ով ներկայումս դեմ է ՀՀ-ի հետ որևէ փաստաթղթի ստորագրմանը ու հորդորում է առաջ անցնել, և մյուսը, որի ներկայացուցիչները ցանկանում են բանակցություններից պահել այն, ինչ հնարավոր է: Ի՞նչ եք կարծում՝ որ կողմը «կհաղթի»:
– Կարլ Բիլդտը վերջին մի քանի տարիների ընթացքում այնքան պրոթուրքական և պրոադրբեջանական հայտարարություններ է արել, որ մենք պետք է զգույշ լինենք իր խոսքերը ԵՄ-ի անունից հնչող խոսք որակելիս: Ինչպես ես ասացի, ԵՄ-ն կարող է փոքր-ինչ կոշտ ուժ ունենալ և խմբերի բաժանվել քաղաքական ռազմավարության վերաբերյալ տարակարծությունների պատճառով, բայց երբ Հայաստանի նման հարևանը ցանկանում է զարգացնել ժամանակակից, որակյալ և ժողովրդավարական երկիր, ապա Եվրոպան միշտ գտնում է դրան աջակցելու եղանակներ:
– Այն բանից հետո, երբ հրապարակվեց ՄՄ-ին միանալու մասին ցանկությունը, խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ ԵՄ-ն փոխելու է հայաստանյան քաղաքացիական հասարակությանը հովանավորելու և ֆինանսավորելու ռազմավարական ուղղությունը: ԵՄ-ն ավելի՞ է ուժեղացնելու համագործակցությունը, թե՞ հակառակը:
– ԵՄ-ն հայաստանյան քաղաքացիական հասարակությանը չի պատժելու իշխանության որևէ որոշման համար: Փաստացիորեն, եվրոպական շատ ծրագրեր եղել են ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրերից անկախ: Ամենագլխավոր հանգամանքը, որը փոխվել է, հետևյալն է` առևտրի ոլորտում, օրինակ՝ ձկնաբուծության, լաբորատորիաների չափանիշները պետք է համապատասխանեցվեին ԵՄ-ի չափանիշներին: ԵՄ-ն պետք է վճարեր նոր լաբորատորիայի համար, զուգահեռաբար կապակցված փոփոխություններ պետք է կատարվեին կառավարությունում: Ներկայումս այդ չափանիշները չեն համապատասխանեցվի եվրոպականին, ուստի չի լինի ԵՄ ֆինանսավորմամբ լաբորատորիա հայաստանյան ձկան արտահանման որակի վերահսկողության համար: Այս օրինակը միայն ցուցադրական էր, բնականաբար՝ ԵՄ որակական չափանիշները նախատեսված էին բոլոր արտադրական ոլորտներում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































