ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: Այս մասին տեղեկացրին ԱԺ Հանրային կապերի վարչությունից։
Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է. «Այս տարի լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Քառորդ դարի ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, ընդլայնվել նոր ոլորտներով եւ համալրվել նոր բովանդակությամբ»:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ճապոնիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում և մեր երկրում առանձնահատուկ հետաքրքրություն կա Ճապոնիայի պատմության և մշակույթի հանդեպ:
Արա Բաբլոյանն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տարիների ընթացքում Հայաստանին տրամադրված աջակցության եւ մեր երկրում օժանդակության ծրագրեր իրականացնելու համար:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության դերը հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների օրակարգում:
ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը:
Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Ճապոնիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կշարունակի դրսեւորել իր որդեգրած հավասարակշիռ դիրքորոշումը:
Էյջի Տագուչին շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Դեսպանը բարձր է գնահատել Ճապոնիայի և Հայաստանի միջև առկա հարաբերությունների մակարդակը եւ փաստել, որ հիմնադրման օրվանից ի վեր դեսպանությունը ձգտում է զարգացնել և խորացնել հարաբերությունները երկու երկրների միջեւ: Պարոն Տագուչին անդրադարձել է Հայաստանում Ճապոնիայի կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, բարեկամ երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացմանը և առեւտրատնտեսական համագործակցության զարգացման նոր ուղիների բացահայտմանն առնչվող հարցերին:
Էյջի Տագուչին կարևորել է մեր երկրում սահմանադրական բարեփոխումները, անցումը խորհրդարանական կառավարման համակարգին՝ նշելով, որ դրանով Հայաստանը եւս մեկ քայլով մոտենում է Ճապոնիային:
Հանդիպման ավարտին զրուցակիցները նշել են, որ Ազգային ժողովի այգում աճող սակուրաները խորհրդանշում են հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը, որը տարեցտարի խորանում է՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից:







































