Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումից առաջ sport-express-ին տված հարցազրույցում հերթական անգամ աչքի է ընկել համեստությամբ ու նշել, որ այս հանդիպումը ավելի դիտարժան կլինի, քան Երևանում կայացածը:
– Ի՞նչ հիշողություններ են մնացել մարտին Երևանում կայացած Ռուսաստանի հավաքականի հետ խաղից:
– Այդ խաղից առաջ ինձ այնքան էլ վստահ չէի զգում: Անցյալ մրցաշրջանն անցկացրել էի Ռուսաստանի առաջին դիվիզիոնում, ու շատ էի անհանգստանում, որ դա կարող է վատ ազդեցություն թողնել իմ խաղի վրա: Սակայն անմիջապես խաղից առաջ անհանգստությունս անհետացավ, ու կարողացա ամբողջովին կենտրոնանալ: Ինձ թվում է՝ ճակատագրական սխալներից հաջողվեց խուսափել:
– Շա՞տ չէ, արդյոք, համեստ գնահատում իր ելույթը դարպասապհը, որը այդ խաղում լավագույնը ճանաչվեց իր թիմի կազմում, և հենց նրա շնորհիվ հաջողվեց գոլ չընդունել սեփական դարպասը:
– Այդ խաղում ես գերծանրաբեռնված չէի: Դարպասի մոտից թվում էր` Ռուսաստանը բավական վստահ էր սկսել հանդիպումը, բայց միևնույն ժամանակ զգուշավորություն էր նկատվում նրանց գործողություններում: Միայն առաջին խաղակեսի միջնամասում նրանք կարողացան ճնշում գործադրել մեր դարպասին: Անկեղծ ասած, ես ավելին է սպասում թե՛ մրցակցից, թե՛ մեր թիմից, առավել ևս, որ երևանյան մարզադաշտի խոտածածկն իդեալական էր մարտի համար: Սակայն երկու թիմերի խաղացողների մեծամասնությունն էլ իրենց լավագույն մարզավիճակում չէին: Օրինակ` Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանը խաղաց իր հնարավորությունների ընդամենը 70 տոկոսով, և երևի հենց այդ պատճառով էլ պաշտպանական գործողությունները գերակշռում էին խաղադաշտում:
– Ձեր կարծիքով, Հայաստանի հավաքականի կազմում կլինե՞ն փոփոխություններ նախորդ հանդիպման համեմատ:
– Հնարավոր է: Չնայած չեմ կարծում, որ դրանք անհրաժեշտ են. այժմ Հայաստանի հավաքականի բոլոր առաջատարներն իրենց լավագույն մարզավիճակում են, և վստահ եմ, որ շատ ավելի լավ կխաղան, քան Երևանում:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ռոման Շիրոկովի հայտարարությանը, թե՝ «տանը մենք 100 տոկոսով կհաղթենք Հայաստանին»:
-Լավ է, որ ֆուտբոլիստը այդքան վստահ է սեփական ուժերի ու թիմի վրա: Սակայն Հայաստանի հավաքականն էլ պարտվողի հոգեբանությամբ չի մոտենում այդ հանդիպմանը: Ենթադրում եմ, որ խաղը մեծամասամբ կանցնի մեր կիսադաշտում, բայց երաշխավորում եմ, որ մենք էլ գոլային պահեր կստեղծենք:






































