Մի խումբ ազատամարտիկներ այսօր Հանրապետության հրապարակում պահանջում էին անհապաղ ազատ արձակել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին: Հիշեցնենք, որ ըստ ՊՆ քննչական ծառայության՝ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից 2 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ:
Սա պաշտոնական վարկածն է, որը հերքող այլ վարկածներ առայժմ չկան, քանի որ Ավետիսյանն ինքը հրաժարվում է խոսել իր հետ կատարվածի մասին: Սակայն նրա ազատամարտիկ ընկերների խոսքով՝ Ավետիսյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում, որը կապված է վերջին շրջանում նրա հրապարակային գործունեության հետ, մասնավորապես՝ Ազատության հրապարակում կազմակերպված ակցիաների և նստացույցի հետ: Հետաքրքիրն այն է, ինքը Ավետիսյանը ձերբակալությունից հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին փոխանցել էր, որ որևէ բողոք չունի, և որ իր ձերբակալությունը կապ չունի իր՝ վերջին շրջանում ծավալած հասարակական ակտիվ գործունեության հետ: Ավետիսյանը նաև հավաստիացրել էր, որ իր նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել:
Ավետիսյանի նկատմամբ իրականացվող հետապնդման վարկածը հավատ չի ներշնչում նաև որոշ շրջանակների, քանի որ նա ինչ-որ տեղ համարվում էր իշխանամետ, մշտապես բանակցությունների մեջ էր կառավարության և Պնախարարության հետ: Հենց այդ պատճառով էլ ներքին անհամաձայնություն սկսվեց Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկների միջև: Ավետիսյանը շեշտադրում կատարեց ազատամարտիկների սոցիալական վիճակին վերաբերող հարցերի վրա, իսկ ասենք՝ Դաշտային հրամանատարներ խորհրդի անդամները խնդիրների ավելի լայն շրջանակ էր բարձրացնում: Նույնիսկ խոսակցություններ կան, որ ազատամարտիկների սոցիալական հարցեր բարձրացնող թևը ֆինանսավորվում էր վարչապետի կողմից: Որոշ ժամանակ նրանք պետք է քննադատեին կառավարությանը, ապա կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, լուծում տար որոշ հարցերի, և բոլորը գոհ հեռանային իրենց տները:
Հաշվի առնելով նախկին անհամաձայնությունները՝ «Առաջին լրատվական»-ը Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանից հետաքրքրվեց՝ կմիանա՞ն Հանրապետության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներին ի սատարումն Ավետիսյանի: Պարզվեց՝ նրանք նստացույց անող ազատամարտիկներին միանալու որոշում դեռևս չունեն: Կսպասեն, տեսնեն՝ ինչ է կատարվում, նոր կորոշեն իրենց անելիքները: «Իրենք աշխատում են կառավարության և ՊՆ-ի հետ, իրենք գիտեն՝ ինչ է եղել, մենք չգիտենք: Ինչ էր ինքը պահանջում, որ հետապնդեին դրա համար: Ինքը սոցիալական հարցերն էր շեշտադրում, և ես չեմ կարծում, որ դրա համար ինչ-որ բան կարող էր լինել: Իրենց ջե՞բն էր մտել, որ էդպես վատացել են: Չգիտեմ: Իրենք իրար հետ աշխատում էին, ես չեմ լսել, որ կառավարությանը քննադատած լիներ, որ մի բան էլ հետապնդեին»,- ասաց ազատամարտիկը:
Անդրադառնալով պաշտոնական վարկածին՝ Առաքելյանն ասաց, որ միայն լուրերով է լսել, բայց այդքան էլ արժանահավատ չէ իր համար: «Կառավարության, նախարարության հետ իրենք մշտապես հանդիպում էին, հարցեր էին քննարկում, էդ ինչպես եղավ, որ հանկարծ ի հայտ եկավ այդ 2 հազար դոլարը: Մեր իշխանության տրամաբանությունն է մարդկանց գլխին սարքելը: Մարդասպաններին բաց են թողում, հանում են ազատություն, իսկ Տիգրան Առաքելյանի պես երեխան բանտում ա անհիմն ձևով: Մի բան հաստատ է, էս իշխանությունները հմուտ են մարդկանց գլխին սարքելու գործում»:
Նշենք, որ դատարանը մերժել է Ավետիսյանին գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը, որը առաջիկայում կբողոքարկվի վերջինիս կողմից:








































