Պարբերաբար ու գրեթե ամեն տարի շրջանառության մեջ է դրվում այն խոսակցությունը, թե Արմեն Սարգսյանը նշանակվելու է Անգլիայում Հայաստանի դեսպան: Այս օրերին նույնպես այն շրջանառվում է, և միգուցե այս անգամ այն դառնա իրականություն: Խոսքը վերաբերում է այն Արմեն Սարգսյանին, ով 1992-1993 թվականներին մեկ անգամ արդեն այդ երկրում եղել է Հայաստանի դեսպան: Եվս մեկ անգամ այդ պոստին վերանշանակվել է 2000թ.: Իսկ 1996-1997թթ., ինչպես հայտնի է, մի քանի ամսով եղել է ՀՀ վարչապետը: Եվ չի բացառվում, որ նա Անգլիայում երրորդ անգամ դեսպան նշանակվի: Նույնիսկ կարծիքներ են շրջանառվում, որ կարող է նույնիսկ վարչապետ էլ դառնա:
Ընդհանրապես Ա. Սարգսյանի անունը հիշատակվում է ամենատարբեր հարթություններում: Բայց ով էր նա մինչև հեղափոխությունը: Կենսագրության մեջ նշված է, որ ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ էր, երբ 1984թ. մեկնեց Անգլիա Քեմբրիջի համալսարան դասախոսական կուրսերի: Կարճ ժամանակ հետո վերադառնում է և կրկին աշխատում համալսարանում: Անգլերենի գերազանց իմացության ու կապեր հաստատելու կարողության շնորհիվ նշանակվում է դեսպան: Ասում են, որ այդ գործում նրան աջակցել է նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը, և այդ ժամանակից էլ սկսվում է Ա. Սարգսյանի ոսկե կարիերան: Ասում են, որ նա անընդհատ ուսումնասիրել է Դեյլ Կարնեգիի մեթոդները, և դրանք օգտագործելով մարդկանց հետ շփումների ժամանակ՝ կարողացել է բավականին ճկուն լինել: Կարնեգիի մեթոդներով շարժվելը նրան նաև հնարավորություն տվեց հայտնվել իշխանական վերնախավի մեջ:
Դեսպան, հետո վարչապետ ու նորից տարբեր երկրներում դեսպան աշխատելու տարիներին նա այդ կապերն առաջին հերթին օգտագործել է իր անձնական ծրագրերի ու բիզնես գործունեության համար: Նրա դիվանագիտական հետաքրքրությունները կարճ ժամանակ հետո փոխվել են բիզնես հետաքրքրությունների: Ժամանակակիցներն ասում են, որ նա Լոնդոնում ծանոթացել է Վաչե Մանուկյանի հետ ու կարողացել իր օգտին ծառայեցնել նրա կապերն ու հնարավորությունները: Այնուհետև այդ կապերը Անգլիայում խորացնելով՝ հասցրել է մինչև թագավորական ընտանիք: Նրա անունը հիշատակվում է Հայաստանի հետ կապված տարբեր խոշոր կոռուպցիոն գործարքներում: Թեկուզ Ղազախստանի նախագահ Նազարբաևի դստեր հետ ունեցած գործարքը: Այս դեպքում, ասում են, տարիներ առաջ այդ երկուսը Ղազախստանից ռուսական խողովակներով գազ են ներկրել Հայաստան ու ահռելի գումար աշխատել: Հայաստանում նա ունի ահռելի քանակությամբ անշարժ գույք, որոնք ոչ միայն օրինական ճանապարհով է ձեռք բերել:
Մերօրյա գործարքներից էլ հիշեցնենք, որ նա գնեց «Պեպսի-կոլա» ընկերությունը Հայաստանում: Ասում են, որ այդ ընկերության բաժնետերերն են եղել Աշոտ Արսենյանը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Գործարանը բավականին թանկ գներով է վաճառվել Ա. Սարգսյանին, բայց փոխարենը որպես փոխհատուցում տրվեց Ամուլսարի ոսկու հանքը: Ա. Սարգսյանը այդ գործարքը հաջողացնելու համար օգտագործեց նաև արքայազն Չարլզին ու նրան այդ նպատակով Հայաստան բերեց: Իհարկե, ոչ առանց փոխադարձ շահերի: Մի խոսքով, Ա. Սարգսյանն այս երկար տարիների ընթացքում ահռելի գումարներ է աշխատել Հայաստանի հաշվին: Հիշելով այն գործարքները, որոնց հետ կապվում է երբեմնի դիվանագետի անունը, կարելի է ասել, որ այդ առումով նա ոչնչով չի տարբերվում մերօրյա օլիգարխներից:
Իսկ վերջին շրջանում Ա. Սարգսյանի թեման աշխուժացավ՝ կապված նրա «Երևան, իմ սեր» ծրագրի հետ: Մի քանի օր առաջ տեղեկություններ հրապարակվեցին, թե կառավարության որոշմամբ Կոզեռնի փողոցի հ.11 հասցեի 298.06 քառ. մետր մակերեսով տարածքը կնվիրաբերվի «Երևան, իմ սեր» հիմնադրամին: Գույքի շուկայական արժեքը 115 մլն 624 հազար դրամ է կամ մոտ 280 հազար դոլար: Այնտեղ պետք է կառուցվի այդ հիմնադրամի գրասենյակը: Հիմնադրամի գործունեության հետ կապված տեղեկատվությունն ասում է, որ ծրագիրը պետք է նախ շենքեր կառուցի, այնուհետև՝ մշակութային կենտրոն և բարեկարգի Ծիծեռնակաբերդի հարակից այգին: Մինչդեռ կարելի է հիշել Կասկադ համալիրի վերին հարթակի պատմությունը, որը չկառուցվեց զուտ այն պատճառով, որ Ա. Սարգսյանն այնտեղ շինություն էր կառուցում: Այս բոլոր պատմությունները գալիս են հերքելու նրա հիմնադրամի՝ «Երևան, իմ սեր» անվանումը:
Նշենք, որ հիմնադրամի հովանավորների ցանկում նշված են Ուելսի արքայազնի, British Petroleum ընկերության տնօրեն Ռոբերտ Դադլիի, Լորդ Արա Դարզի, Վաչե Մանուկյանի, Ռուբեն Վարդանյանի, Սամվել Կարապետյանի, տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի, Պերճ Սեդրակյանի անունները, ինչպես նաև՝ HSBC, Bank of America, Вимпелком, AREVA, NTEPA և այլ ընկերությունները: Սակայն նման հովանավորներ ու Հայաստանում բարեգործական նպատակներ ունեցող հիմնադրամն անշարժ գույքի տեսքով նվիրատվություններ է ակնկալում հայրենիքից, որը հավանաբար ավելի ուշ կդառնա հիմնադրամի հիմնադիրի սեփականությունը:










































