Սերժ Սարգսյանի հրամանով ձևավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր գումարելու է հերթական նիստը, որտեղ քննարկվելու են Սահմանադրության վիճահարույց դրույթները փոփոխելու առաջարկությունները: Նշենք, որ 9 հոգանոց հանձնաժողովն իր առաջին նիստը գումարել էր օրերս:
Հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանից «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել` արդեն իսկ նախանշվո՞ւմ է, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում, որ դրույթներն են փոփոխության ենթակա: «Դեռ հստակ չէ, թե որ հարցերը պետք է քննարկվեն: Կլինի կորոշենք»,- ասաց Դանիելյանը:
Ի դեպ, խոսակցություններ կան, որ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, այնուամենայնիվ, կառավարման համակարգը չի փոխվելու, այսինքն` անցում չի կատարվելու խորհրդարանական համակարգի: Այդ մասին Սերժ Սարգսյանը ասել էր նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ անցած շաբաթ կայացած փակ հանդիպման ժամանակ: Դանիելյանը, սակայն, խորհրդարանական համակարգին անցում կատարելու հետ կապված հարցին ի պատասխան, ասաց, որ դեռ հստակ որոշում չկա: «Կլինի, կորոշենք, կտեսնենք: Այդ հարցը դեռ սպառիչ որոշված չէ»:
Նա հրաժարվեց այլ հացերի պատասխանել` պատճառաբանելով, որ հանձնաժողովի անդամները ընդհանուր պայմանավորվածություն ունեն, որ հարցազրույցներ չեն տալու: «Առանձին դեպքերում կարծիքներ կլինեն, կհնչեն, բայց ընդհանուր առմամբ հարցազրույցներ չենք տալիս»,- ասաց նա:






































