Սոցիոլոգիական ինստիտուտները չեն կարողացել ի հայտ բերել Գերմանիայի Բունդեստագում կիրակի կայանալիք ընտրությունների առավել հավանական թեկնածուին: Իշխող կոալիցիան և ընդդիմությունը կարող են հավասար քանակի ձայներ ակնկալել: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Սեպտեմբերի 22-ի տեղի ունենալիք ընտրությունների վերաբերյալ անցկացված սոցհարցումների արդյունքները մատնանշում են փակուղային իրավիճակ: Frankfurter Allgemeine թերթի պատվերով Ալենբախի սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ իշխող կոալիցիան կարող է ակնկալել ձայների 45 տոկոսը (Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն՝ 39.5, և Ազատ դեմոկրատական կուսակցություն՝ 5.5 տոկոս): Նույնքան էլ կստանա ընդդիմադիր կուսակցությունների տեսականորեն հնարավոր միությունը՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (27 տոկոս), «Կանաչներ» (9) և Ձախ կուսակցություն (9):
Իսկ Emnid սոցիոլոգիական ինստիտուտը, որը հարցում է անցկացրել Bild am Sonntag շաբաթաթերթի պատվերով, հայտնում է, որ իշխող կոալիցիան ընդդիմության նկատմամբ 1 տոկոսի առավեություն կստանա (45/44):










































