Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սիրիական քիմիական զենքի հարցով պայմանավորվածությունների ձեռքբերումը հնարավոր է դարձել շնորհիվ Սիրիայի իշխանությունների դեմ պատրաստվող ռազմական գործողության: Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում ելույթի ժամանակ, փոխանցում է RIA Novosti-ն:
Նա կրկին հայտնել է, որ Դամասկոսի դեմ ուժի կիրառման հարցը չի կարելի հանել օրակարգից՝ օգնելու դիվանագետներին լուծել հակամարտությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համաձայնության էին եկել Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման և մինչև 2014-ի կեսերը այն ոչնչացնելու շուրջ: Իր հերթին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել էր համաձայնությունը՝ առանց հավելյալ պայմանների քիմիական զինանոցը միջազգային վերահսկողությանը փոխանցելու հարցում:








































