Այսօր Ազգային ժողովը, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ կընդունի «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» բավականին աղմկոտ օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ այդ նախագծով մասնավորեցման է ներկայացվում 47 օբյեկտ, որոնցից 23-ը ժառանգություն է մնացել նախորդ՝ 2006-2007թթ. ծրագրից: Մյուս 24-ը նոր մասնավորեցման ներկայացված օբյեկտներ են: Նախագիծն ԱԺ-ում ներկայացնող՝ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երեկ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ օբյեկտների մի մասը, հատկապես նախորդ ծրագրից մնացածները, աշխատող ընկերություններ չեն: Աշխատող են հիմնականում նոր ներառվածները:
Մինչդեռ նախկին ծրագրից մասնավորեցման ներկայացված և այժմ էլ նորից վաճառքի հանված «Հայփոստ» ընկերությունը աշխատում է ամբողջ հանրապետությունով մեկ: Այն հավատարմագրային կառավարման է հանձնված արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը: Բայց երբեմն տեսակետներ են հնչել, թե Է. Էռնեկյանն ինչ սեփականություն ունի Հայաստանում, այնտեղ իր բաժնեմասն ունի նաև Ռոբերտ Քոչարյանը: «Հայփոստի» կառավարման ժամկետն անցած աշնանն ավարտվել է, և այն մեկ տարով երկարացվել է ու առաջիկայում նույնպես կավարտվի: Եվ ժամանակին, երբ այն կառավարման էր հանձնվում Էռնեկյանին, կարծիքներ կային, որ տարիներ հետո հենց նա էլ կսեփականաշնորհի: Հավանաբար արդեն դրա ժամանակը եկել է: Եթե, իհարկե, այդ ընկերությունն էլ չվաճառեն ռուսներին, ինչպես դա արել են կապի ոլորտի ռազմավարական նշանակություն ունեցող մյուս ընկերությունների դեպքում: Իսկ պատերազմական իրավիճակում գտնվելով, նման ռազմավարական օբյեկտի մասնավորեցումը կարող է վտանգավոր լինել:
Շատ հետաքրքիր է, որ մասնավորեցման է ներկայացված միանգամից առողջապահական 10 հիմնարկ: Դրանցից հայտնի են հատկապես՝ Երևանում գտնվող «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնը», «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտական կենտրոնը», «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոնը», «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» և հատկապես «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը»: Առաջին երեքը մեզ բոլորիս հայտնի հիվանդանոցներ են, այսօր էլ աշխատում են և բավականին լավ համբավ ունեն առողջապահության ոլորտում: Իհարկե, չհաշված այն հանգամանքը, որ զուտ իր պրոֆիլից ելնելով՝ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնը» սարսափեցնում է մարդկանց:
Սակայն Ա. Սահակյանի խոսքերով՝ դրանք չեն կարողացել գոնե մի փոքր շահութաբերություն ապահովել, չեն կարողացել ավելի նորագույն տեխնոլոգիաներ ձեռք բերել, ավելի բարձր վարձատրել իրենց աշխատողներին: Այդ դեպքում ինչո՞ւ պետությունը չի վերահսկել, որ իրեն պատկանող կամ պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների կառավարումն ավելի արդյունավետ լինի: «Շատ դեպքերում վերահսկողությունն իսկզբանե եղել է ու կա, ընդամենը պետական բաժնետոմս ունեցող ընկերությունները չեն կարողանում ապահովել նոր ներդրումներ, և ընդհանրապես մասնավորն ավելի լավ կառավարիչ է, քան պետությունը»,- պատասխանեց Ա. Սահակյանը:
Իսկ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը», հիշեցնենք, համեմատաբար նոր կենտրոն է և պետք է լիներ մեր երկրում ուռուցքային հիվանդությունների բուժման ու կանխարգելման` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոն, որը կմատուցի միջուկային ախտորոշման, ճառագայթային բժշկության, քիմիաթերապիայի և վիրաբուժության ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ ու պետք է լիներ տարածաշրջանային կենտրոն:
Կենտրոնի կառուցումը իրականացվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք և Բելգիայի կառավարության օժանդակությամբ: 2013թ. այն կառավարման է հանձնվել ամերիկյան «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությանը, որը մասնագիտացված է միջուկային բժշկության բնագավառում և գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` Ավստրալիա, Նոր Զելանդիա, Թաիլանդ, Չինաստան, Բրազիլիա և այլն: Ընկերության սեփականատեր Հայկ Բաքրքջյանը ֆինանսական և այլ բնույթի ահռելի ներդրում է ունեցել այդ կենտրոնում: Եվ հիմա այն ներկայացվել է մանավորեցման, ու առաջիկայում հայտնի կդառնա, թե ով է ցանկանում տիրանալ դրան:
Այնուամենայնիվ ինչ սկզբունքով են ընտրվել մասնավորեցման ներկայացված այս ընկերությունները, թեկուզ դրանց նոր խումբը, Ա. Սահակյանը պատասխանեց, որ ծրագիրը կազմվում է ճյուղային գերատեսչության առաջարկությամբ: «Մասնավորապես բուժհիմնարկների դեպքում առաջարկությունը ստացել ենք առողջապահության նախարարությունից, որն իր հիմնավորումներն անպայման կտա»,- պատասխանեց նա:
Մասնավորեցման ներկայացված առողջապահական հաջորդ հիմնարկը «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի» 8 տոկոս պետական բաժնեմասն է: Հիվանդանոցի 82 տոկոսը, ինչպես հայտնի է, պատկանում է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ընտանիքին: Ամենայն հավանականությամբ, հենց նրանց էլ բաժին կհասնի պետական բաժնեմաս հանդիսացող այդ 8 տոկոսը: Ա. Սահակյանը չհերքեց այդ հնարավորությունը: «Եթե մի ընկերությունից մնացել է 6-7 տոկոս, ես երկու ձեռքով կոմնակից կլինեմ դրան, անկախ այն հանգամանքից, թե ով է դրա հիմնական բաժնետերը: Ինչ է պատահել, եթե 92 տոկոսը մասնավոր է, այդ 8 տոկոսն ինչու չպիտի մասնավորեցվի»,- ասաց նա:
Իսկ թե ինչու կամ ում համար է առողջապահության նախարարությունն այդ հիվանդանոցները վաճառքի հանել, պարզ կդառնա առաջիկայում: Այնուամենայնիվ, արդյո՞ք այս նոր ծրագիրը չի ծառայում ինչ-որ խումբ մարդկանց, որոնք ցանկանում են պետությունից սեփականություն ձեռք բերել: «Չկա նման բան, մասնավորեցման ծրագրերի հաստատման գործընթացը վերապահված է ԱԺ-ին, իսկ այն իրականացնողը կառավարությունն է: Ես բոլորին՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին կոչ եմ անում մասնակից լինել այդ գործընթացին»,- եզրափակեց Ա. Սահակյանը:








































