Երեկ Չեռնոգորիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը, երբ Վաշինգտոնում այդ երկրի արտգործնախարար Սերջան Դարմանովիչը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնին հանձնեց անդամակցության արձանագրությունը: Սա պատմական, ինչ-որ առումով շրջադարձային իրադարձություն է մի քանի իրողությունների համատեքստում:
Արևմուտքի միասնականությունը խաթարող ինստիտուցիոնալ ճգնաժամի ֆոնին` ՆԱՏՕ-ն ևս մեկ անգամ ապացուցեց իր կենսունակությունը և սա կարևոր ուղերձ է հատկապես այն երկրների համար, որոնք ընտրել են զարգացման արևմտյան մոդելը` փորձելով ձերբազատվել ռուսական կախվածությունից: Խիստ ուշագրավ է, որ Չեռնոգորիայի պաշտոնական անդամակցությանը նախորդել էր Վլադիմիր Պուտինի հերթական ոչ ադեկվատ հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի միջազգային քաղաքական գործիքն է, որտեղ չկան դաշնակիցներ, այլ կան միայն վասալներ: Եթե ընդունենք, որ Պուտինի ասածն օբյեկտիվ է, ապա պիտի համարենք, որ նա աշխարհի ամենաժողովրդավար նախագահն է:
Եթե ՆԱՏՕ-ն վասալային կսզմակերպություն է, ապա առնվազն զարմանալի է, որ նրա դռների մոտ անդամակցության իրենց հերթին են սպասում մի շարք երկրներ, իսկ ռուսական նախագծերին` ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին, պետություններն անդամակցում են Կրեմլի պարտադրանքով և շանտաժով: Հայաստանը երեք տարի Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցում էր ԵՄ-ի հետ` մինչև 2013թ-ի սեպտեմբերի 3-ի «գիշերային» եվրասիականացումը:
Չորս տարի առաջ Հայաստանն, ըստ էության, «քցեց» Արևմուտքին, բայց դա չխանգարեց, որպեսզի ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտարարեն, որ հարգանքով են մոտենում Երևանի ինքնիշխան որոշմանը: Եվ սա այն դեպքում, երբ Ռուսաստանը մեր հակառակորդ Ադրբեջանին սկսեց զինել հենց 2011թ-ից: Սա այն տարեթիվն է, երբ մեկնարկեցին Հայաստանի և Եվրամիության բանակցություններն Ասոցացման պայմանագրի շուրջ, իսկ 2013-ի ամռանը, երբ արդեն իրական էր դարձել փաստաթղթի ստորագրման հնարավորությունը, Կրեմլը Հայաստանին սպառնաց ղարաբաղյան նոր լայնամասշտաբ պատերազմով:
Նույնիսկ այնպիսի հարաբերություններում, որոնք չեն ունեցել բլոկային բնույթ, օրինակ` հայ-իրանական գազատարի տրամաչափը, Ռուսաստանը վասալացրել է Հայաստանին` նրան պարտադրելով իրեն հարմար որոշումներ: Նույն Չեռնոգորիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանը երեկ համարել է թշնամական քայլ ու հիշենք, որ անցած հոկտեմբերին բալկանյան այս երկրում վնասազերծվեց քսան հոգուց բաղկացած մի խումբ, որը պետք է ահաբեկչություն իրակացներ խորհրդարանական ընտրությունների օրը: Պաշտոնապես հայտարարվեց այդ խմբի «ռուսական հետքի» մասին (միանգամայն տեղին են զուգահեռները 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ): ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությունը շատ կարևոր է հենց բալկանյան համատեքստում, որովհետև վերջին տարիներին Կրեմլը փորձում է Բալկանները բուֆեր դարձնել` ՆՍՏՕ–ի և Եվրամիության ազդեցությունը զսպելու նպատակով:
Կարող ենք վստահաբար արձանագրել, որ Չեռնոգորիան ՆԱՏՕ-ի անդամ դարձավ` ի հեճուկս ռուսական ջանքերի ու սադրանքների: Խիստ ուշագրավ է, որ առնվազն մինչև ընտրվելը` ՆՍՏՕ-ն ժամկետանց կառույց էր համարում նաև Դոնալդ Թրամփը: Իհարկե, նախագահի կարգավիճակում նա հրաժարվեց այդ հայտարարությունից, բայց շատերն են համոզված, որ դա տեղի է ունեցել ամերիկյան վերնախավի ճնշման հետևանքով, իսկ իրականում` Թրամփն առնվազն իր «կումիր» Պուտինի դաշնակիցն է ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելու հարցում:
Պատահակա՞ն է արդյոք, որ մի քանի օր առաջ, ՆԱՏՕ-ի բրյուսելյան գլխավոր գրասենյակում, Թրամփը ցուցադրաբար հենց Չեռնոգորիայի նախագահին հրեց: Գուցե պատահական է, սակայն, եթե մեկ անգամ էլ մտաբերենք հայտնի ասացվածքը, թե քաղաքականության մեջ նույնիսկ պատահականությունն է դադարում այդպիսին լինել, ուրեմն երեկ Չեռնոգորիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի անդամ դարձավ` նաև ի հեճհւկս Թրամփի հրոցի:








































