2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած կործանիչ տարերային աղետներից հետո առաջին անգամ դատարանը մանկական հաստատություններից մեկի տնօրինությանը մեղավոր է ճանաչել մահացու ալիքի հարվածի հետևանքով երեխաների մահվան մեջ: Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում մեծապես տուժած Իսինոմակի քաղաքի մասնավոր մանկապարտեզի սեփականատերերին դատարանը պարտավորեցրել է ավելի քան 1.7 մլն դոլար փոխհատուցել զոհված երեխաների ընտանիքներին:
Սենդայ քաղաքի շրջանային դատարանի վճռում նշված է, որ այդ հաստատության տնօրինությունը պետք է հաշվի առներ 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքները: Սակայն հաստատության տնօրինությունը չի կանխատեսել ցունամիի առաջացման հնարավորությունը և, ինչպես միշտ, ավտոբուսով երեխաներին ուղարկել է տները, որոնք գտնվել են առափնյա շրջաններում: Հաստատությունը գտնվել է ծովի մակերևույթից 25 մետր բարձրության վրա և համարվել է անվտանգ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ճապոնիայում ներկայում քննարկվում է այսօրինակ առնվազն 8 հայց՝ կապված դպրոցականների ու մանկապարտեզների սաների հետ:










































