Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, խոսելով այս տարվա խաղողի մթերումից, նշեց, որ տարին առանձնահատուկ է այն իմաստով, որ ունենք բարձր որակի, առողջ բերք: Եթե անցումային շրջանի վերջին տարիներին գյուղացին էր խնդրում խաղող վերցնել, անցյալ տարի սկսված գործընթացի արդյունքում մենք ենք գյուղացուց խաղող խնդրում:
Պաշտոնական տվյալներով՝ մենք այս տարի կունենանք 160 հազար տոննա խաղող՝ տեխնիկական նպատակներով օգտագործման համար, և մոտավորապես 45 սուբյեկտներ, որոնք կմշակեն, կընդունեն այդ խաղողը: Միության նախագահը նշեց, որ արդեն աշխատում են տասը ընկերություններ, որոնք արդեն տասը հազար տոննա խաղող են մթերել են. սեպտեմբերի 20-ից բոլորը կլծվեն այդ գործին:
Մթերման գինը սկսվում է 145 դրամից: Գինը սահմանել է Երևանի կոնյակի գործարանը, կարմիր խաղողի գինը կլինի ավելի բարձր՝ նվազագույնը 170 դրամ:
Միության նախագահը չի կարծում, որ Երևանի կոնյակի գործարանը մենաշնորհային դիրք է զբաղեցնում. «Իրականում ինքը չի կարող թելադրել, քանի որ շուկայի ծավալների մեկ քառորդն է զբաղեցնում:
Բանախոսի խոսքով՝ գյուղացիները խնդիրներ չեն ունենա մթերող կազմակերպությունների հետ, քանի որ արդեն պայմանավորվածություն կա:
Պատասխանելով հարցին՝ Մաքսային միություն մտնելու դեպքում ինչքանո՞վ կշահի կամ կտուժի մեր գինեգործությունը, Ավագ Հարությունյանը նշեց, որ չկա պաշտոնական դիրքորոշում այս հարցերի շուրջ, սակայն նրա կարծիքով՝ այս հարցում պետք է տարանջատել գինին և կոնյակը, քանի որ խաղողի մթերման 90 տոկոսը հատկացվում է կոնյակի արտադրությանը, իսկ կոնյակի 90 տոկոսը արտահանվում է Մաքսային միության երկրներ: Ըստ բանախոսի՝ այս առումով էական փոփոխություն չի նկատվի, ավելին՝ ռուսական շուկայում կոնյակ բառի իրավունքը կապված է ֆրանս-ռուսական հարաբերությունների հետ:
Նա նաև նշեց, որ մեր գինու 35 տոկոսը գտնվում է եվրոպական շուկայում:
«Մենք շատ արագ ենք մտնում եվրոպական արժեքային դաշտ, քան ենթադրում ենք: Կա սփյուռք, որը դրսում մեծ սիրով կվերադառնա հայկական գինուն»,- ասաց Ավագ Հարությույանը:
Անդրադառնալով խաղողի տեսակներին՝ նա նշեց, որ նախկինում կար 500 սորտ, այսօր՝ մոտավորապես 180, բայց այս ուղղությամբ կոնկրետ հետազոտություն չի անցկացվել:









































