Հյուսիսային Կորեան անհայտ մոդիֆիկացիայի հրթիռ կամ ռումբ է արձակել Փհյոնան-Նամդո նահանգի Պուչկհան շրջանից: Այս մասին հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:
Հարավկորեացի զինվորականների հաղորդմամբ՝ «ռումբը» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ չի եղել: Ներկայումս զինվորականները գնահատում են դրա տիպն ու թռիչքի հեռավորությունը:
Ճապոնական NHK հեռուստաալիքը, հղում անելով պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ հրթիռն ընկել է Ճապոնական ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս:
Այս արձակումն իրականացվել է բալիստիկ հրթիռի արձակումից ուղիղ մեկ շաբաթ անց, որը, ինչպես նշվում էր, իր բնութագրերով գերազանցում է բոլոր նախորդներին:











































