Փաստաբանների պալատի անդամները գոհ են Պալատի նախորդ տարիների աշխատանքից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստաբան Արշակ Թովմասյանը նշեց, որ ընտրություն է կատարել այն հույսով, որ ավելի կուժեղանա փաստաբանական ինստիտուտը: «Պալատի խնդիրներն այսօր բոլորին հայտնի են, դրանք կապված են դատական համակարգի, դատախազության համակարգի հետ»,- ասաց նա` նկատելով, որ եղել են թե ձեռքբերումներ, թե բացթողումներ: Ձեռքբերումներից նա առանձնացրեց միջազգային կազմակերպությունների հետ շփումները, իրականացվող տարբեր ակցիաները և այլն:
Փաստաբան Նաիրա Հովհաննիսյանն ասաց, որ 1999 թվից ՓՊ անդամ է, Պալատին դիմել է ամենատարբեր հարցերով, ստացել աջակցություն: Փաստաբանների պալատի աշխատանքը Հովհաննիսյանը գերազանց գնահատեց, նշեց, որ Պալատի կողմից փորձ է արվում աջակցել բոլորին: «Պալատն օգնում է նաև իրավաբաններին, ուսանողներին, ովքեր հետագայում ցանկանում են աշխատել ՓՊ հետ, կազմակերպվում են սեմինարներ, փորձում են ուսանողներին նաև կողմնորոշել հետագա ընտրության հարցում»,- ասաց նա: Փաստաբանը Պալատի խնդիրներ չմատնանշեց` ասելով, որ Պալատն իրեն միշտ աջակցել է, ինքը որևէ խնդիր չի ունեցել, որին Պալատը չարձագանքի:
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ևս Պալատի նախորդ տարիների աշխատանքը նորմալ է գնահատում, գտնում է, որ Պալատի ձեռքբերումները չեն ունեցել «հարակից» կառույցները` իրավապահներն ու դատարանները: «Կասեմ ավելին` եթե մեր Պալատի կարգավիճակը համեմատենք մեր ԱՊՀ մյուս պետությունների Պալատների հետ, մենք բավական առաջ ենք նույնիսկ մեր իրավական կարգավիճակով` փաստաբանի իրավունքներով ու պարտականություններով, առաջ ենք անգամ զարգացած մի շարք երկրներից»,- ասաց նա: Սիրունյանը նշեց, որ այսօր փաստաբանն ունի ավելի շատ իրավունքներ, քան անգամ դատախազը, իսկ թե որքանով են դրանք գործնականում իրականացվում, ժամանակի խնդիր է: Շատ քիչ երկրների պալատների օրենքներում է ամրագրված, որ փաստաբանի գրասենյակը չի կարող խուզարկվել: «Մենք արդեն հասել ենք նրան, որ դատարանում պաշտպանությունը կարող է իրականացնել բացառապես փաստաբանը, ոչ թե ով պատահի: Առանձին խնդիրներ չունենք: Պետության մեջ չի կարող լինել մի բան շատ լավ, մյուսը` շատ վատ: Ամեն ինչ հավասարապես զարգանում է»,- ասաց նա:
Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատն այսօր նախագահ է ընտրում: Ընտրությունների մասնակից փաստաբանների ընդհանուր թիվը 1370 է, Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար պայքարում են երեք փաստաբաններ` ինքնառաջադրված Կրոմվել Գրիգորյանը և Տիգրան Աթանեսյանը, Պալատի գործող նախագահ Ռուբեն Սահակյանի կողմից առաջադրված Արա Զոհրաբյանը: Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են «Հետաքննող լրագրողներ», «Հայաստանի Հելսինկյան կոմիտե», «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչությունը, Մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիան:











































