Սեպտեմբերի 12-ին Փարիզում տեղակայված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ նորանշանակ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր նշանակման հայտագիրը հանձնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին:
Պարոն Դիուֆը, բարձր գնահատելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը, շնորհավորեց դեսպան Ստեփանյանին նշանակման կապակցությամբ և հույս հատնեց, որ նրա նշանակումը կնպաստի կազմակերպության հետ ՀՀ հարաբերությունների էլ ավելի սերտացմանը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում դեսպան Տեր-Ստեփանյանը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և ՖՄԿ հետագա ծրագրերի վերաբերյալ` գոհունակությամբ արձանագրելով Ֆրանկոֆոն երկրների ընտանիքի լիիրավ անդամ դառնալուն հաջորդած ՀՀ-ՖՄԿ հարաբերությունների զարգացումը: Կողմերը հատուկ ընդգծել են Հայաստանի և ՖՄԿ միջև ստորագրված լեզվական ծրագրի իրականացման ապահովման, ինչպես նաև Հայաստանյան բուհերի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև հաստատված հարաբերությունների սերտացմանն ուղղված քայլերի հաջողությունը և դրանք շարունակաբար ամրապնդելու կարևորությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայի Նիս քաղաքում այս պահին ընթացող Ֆրանկոֆոնիայի խաղերին Հայաստանի պատվիրակության մասնակցությանն ու արդեն արձանագրած հաջողություններին:






































