Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության որոշման նկատմամբ անգամ բացասաբար արտահայտվողների մեջ չկա մեկը, ով հոգու խորքում այս համագործակցությանը կողմ չէ:
Սեպտեմբերի 13-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նրա խոսքով՝ ԵՄ հետ համագործակցության նախկինում եղած ուղղությունները դեռ կանգ չեն առել, դրանք նույն ձևով էլ կշարունակվեն: «Մենք Ռուսաստանի հետ ավելի շատ ենք առնչվում տնտեսական հարաբերություններում, ունենք Լեռնային Ղարաբաղի խնդիր, սահմաններ, որոնց պաշտպանությունը նաև ՌԴ աջակցությամբ է իրականացվում: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերը չեմ կարող տարանջատել»,- ասաց նա:
Բիշարյանի խոսքով՝ այս համագործակցության մեջ կարևոր են ԼՂ և ՀՀ անվտանգությունը, արտաքին սահմանների ամրապնդումը, տարածաշրջանում խաղաղության ապահովումը: ՕԵԿ խմբակցության ղեկավարը նշում է՝ մեր երկրում չկա մի մարդ, ում ընտանիքի անդամներից գոնե մեկը ՌԴ-ում լինի, չկա մի ընտանիք, ով չի ուզում իր ընտանիքի անդամը ՌԴ-ում անվտանգ ապրի: Հարցին ի պատասխան՝ արդյոք ՌԴ-ում ապրող հայերը մինչ այժմ իրենց անվտանգ չէ՞ին զգում՝ Բիշարյանը նշեց, որ հակված չէ այդպես մտածելու, բայց կարծում է՝ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներն արդեն իրենց ավելի լավ են զգում. նա նման եզրահանգման է եկել՝ խոսելով իր մի քանի բարեկամ-ծանոթների հետ, ովքեր ոգևորված են և իրենց լավ են զգում ՄՄ անդամակցության որոշման կայացումից հետո: Բիշարյանը համոզված է՝ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման դեպքում նույն ոգևորությամբ հակառակ հարցադրումները կլինեին:










































