Քաղաքական աշնանն ընդառաջ ԲՀԿ-ն չի շտապում քաղխորհրդի նիստ գումարել: Ամառվա ընթացքում, մեր ունեցած տեղեկություններով, նիստ այդպես էլ չի եղել:
ԲՀԿ պատգամավորների մեծ մասը տեղյակ չեն` ինչ է անելու ԲՀԿ-ն առաջիկայում: Երեկ «Առաջին լրատվական»-ի հարցին` ԲՀԿ-ն պատրաստվո՞ւմ է թեժ աշնանը և ի՞նչ կեցվածք է որդեգրել, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն միշտ պատրաստ է, պատրաստվելու ինչ-որ խնդիր չկա, թե աշնանը ինչը պիտի ավելի թեժ լինի, էդ կգա ժամանակը, կտեսնենք, իսկ ընդհանրապես ԲՀԿ-ն թեժությունից չի խուսափել: Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել յուրաքանչյուր լուրջ հարցի ժամանակ, ԲՀԿ-ն իր դիրքորոշումն ունեցել է իր քայլերով ցույց է տվել իր դիրքորոշումը: Տեսնենք, թե որ հատվածը երբ է թեժանալու, բնականաբար կսպասեք ԲՀԿ դիրքորոշմանը և կլսեք կարծիքը»:
Առաջիկայում ԱԺ-ում կրկին կքննարկվի կարկուտից տուժած գյուղացիների հարցը: ԱԺ գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերի հանձնաժողովը հանրային լսումներ է նախաձեռնել: «Հրավիրելու ենք կարկուտից տուժած մարզի մարզպետարանին, հիմնադրամի պատասխանատուներին, կառավարության ներկայացուցչին, բանկի ներկայացուցիչներին, որ ներկայացնեն, թե այս ընթացքում կարկուտից տուժած ազգաբնակչությանը ինչ օգնություն է ցուցաբերվել և ինչ ընթացքում է գտնվում ընդհանուր իրավիճակը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը: Ըստ նրա` հանձնաժողովը նաև մի շարք օրենքների նախագծեր է ներկայացրել ԱԺ քննարկմանը:
Ինչպես հայտնի է, Արմավիրի ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը հիմնադրամ էր բացել Արմավիրի մարզում կարկուտից տուժածներին օգնելու համար և 240 մլն դրամ գումար հավաքել: Մի քանի օր առաջ նա Հովիկ Աբրահամյանի հետ այցելել է Արմավիրի մարզ և կարկուտից տուժած 6 հազար ընտանիքի բաժանել 40 հազարական դրամ: Այսպիսով, Ալեքսան Պետրոսյանի հիմնադրամը ավարտել է իր գործունեությունը: Հիմնադրամը, փաստորեն, հընթացս իրականացրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի քարոզարշավը Արմավիրում:











































