«Եվ-և»-ի հնարավորությունը բաց է թողնված, և հարցն այլևս դրված է «կամ-կամ»-ի հարթության վրա: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` անդարադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու թեմային:
«Այն, որ եվրաինտեգրման կուրսից շեղում է գրանցվել, ակնհայտ է: Մինչդեռ երկու կառույցների համադրման մոդուլ գտնելու հնարավորություն կար: Ռուսաստանը պատրաստ էր Հայաստանի և ԵՄ-ի, ինչպես նաև Հայաստանի և Մաքսային միության անհատական փոխգործակցության, մինչդեռ հայաստանյան իշխանությունները ցուցաբերեցին կրավորական մի կեցվածք` անտեսելով նման հնարավորությունը: «Եվ-և»-ի հնարավորության բացթողումը քաղաքական ընտրանու մեղքով է եղել: Սակայն այժմ էլ նրանք պնդում են, որ նման բան գործնականում հնարավոր է: Սա նավթի առևտուր չէ, այլ անվտանգության հարց: Իսկ ազգային անվտանգության միջոցների դիվերսիֆիկացումն անթույլատրելի է»,- նկատեց քաղաքագետը:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով՝ «և-և»-ի քողի տակ իշխանություններն ընդունեցին ԵՄ-ի «կամ-կամ»-ը, և միակողմանիորեն կողմնորոշվելու ճանապարհով գնացին: «Սերժ Սարգսյանը խաղաց իր շախմատը: Այսօր, երբ փորձում են այս ամենի մեջ մեղադրել մեկ մարդու, ապա այդ մարդը` Սերժ Սարգսյանը, մի խնդիր ունի` պահել իր մենաշնորհը: Նա ո՛չ ռուսամետ է, ո՛չ արևմտամետ, այլ իշխանամետ, և իր այդ ցանկությունը չի թաքցնում: Նա անում է ամեն բան` պահելու ՀՀԿ-ի իշխանությունը»,- ասաց Հովհաննիսյանը:
Քաղաքագետների միության նախագահի գնահատմամբ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամության մասին հայտարարելուց առաջ երկրի ղեկավարը պետք է խորհրդակցեր քաղաքական ուժերի հետ: «Ոչ մի փոփոխություն էլ միությանն անդամակցելուց հետո չի լինելու, չի լինելու քաղաքական վարչախմբի գործողությունների պատճառով: Երբ այս ամենից հետո ազատ են արձակում Լիսկայի որդուն, ի՞նչ փոփոխություններ պետք է լինեն: Ռուբեն Սահակյանը ինչի՞ վերածվեց: Նա իննսունականներին պաշտպանում էր Արցախը, իսկ հիմա՞: Մեր աչքի առաջ մարդիկ այլասերվում են, մարդկանց այլասերում են»,- ասաց նա:
Ամփոփելով` Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, որ ԵՄ-ի անդամ դառնալու դեպքում Հայաստանը վեցերորդական կարգի անդամ է լինելու: «ԵՄ-ն կարծրացած կայսրություն է: Բայց մյուս կողմից էլ՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին էլ պետք է ասել, որ միայն ծույլ քաղաքական վերնախավը կարող է ձգտել մի տեղ, ուր իր ասելիքին սպասող չկա, ուր միայն պետք է հանձնարարականներ ստանա»,- ասաց նա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































