Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանրային քննարկման մասնակիցների անունից հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանում, քաղաքացիական շարժումների զարգացմանը զուգընթաց առավել սաստկանում են տարբեր հայտնի և անհայտ խմբերի հարձակումները քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների, ակտիվիստների և հասարակական գործիչների նկատմամբ:
Չնայած այն հանգամանքին, որ հասարակական գործունեություն ծավալող, հասարակական տարբեր խմբերի, փոքրամասնությունների, կանանց իրավունքների շահերը պաշտպանող շարժումները և հասարակական կազմակերպությունները իրենց գործունեությունը ծավալում են հրապարակային կերպով և օրինականության շրջանակներում, այս խմբերի նկատմամբ արդեն մի քանի տարի է գործադրվում են բռնության զանազան հնարքներ. ծեծ, հրապարակային սպառնալիքներ, զրպարտություն, վիրավորանք, հրկիզումներ և այլն, որն իր հավաքականության մեջ ըստ էության ահաբեկչություն է:
Հայաստանում առայժմ անհայտ խմբերի թելադրանքով և նենգափոխմամբ` համամարդկային արժեքները պարբերաբար ներկայացվում են որպես կեղծ արժեքներ, որպես հայ ազգին անհարիր արժեքներ, հակադրելով մեր մշակույթը Մարդու համընդհանուր իրավունքներին: Մարդկանց ոչնչացման, գրասենյակների պայթեցման հրապարակային կոչերին իրավապահները արձագանքում են միայն ձևականորեն, քրեական գործեր չեն հարուցում, ինչով ուղղակիորեն խրախուսում են սպառնալիքների հեղինակներին և բռնություններ գործադրողներին: Բազմաթիվ են դեպքերը, երբ զրպարտությունն և վիրավորանքը հրապարակային գործիչների ու մի խումբ հասարակական կազմակերպությունների հանդեպ բազմապատկվում են կողմնակալ ԶԼՄ-ների միջոցով, վարկաբեկող հասարակական կարծիք ձևավորելով Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք անձանց ու կազմակերպությունների դեմ:
Այսպիսով Հայաստանում կասկածի տակ է դրվել որոշակի ոլորտներում հասարակական գործունեությամբ զբաղվելու ազատության երաշխիքները:
Քննարկման մասնակիցներս, հաշվի առնելով ամբողջ վերը բերվածը, հայտարարում ենք, որ Հայաստանում խոցելի խմբերի հանդեպ ատելության քարոզի և անպատժելիության մթնոլորտի զարգացման պատասխանատուն ՀՀ իրավապահ մարմիններն են` իրենց դրսևորած հանցավոր անգործությամբ:
Իշխանություններից, որպես ՀՀ Սահմանադրության, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր, պահանջում ենք անհապաղ արդյունավետ միջոցներ ձեռնարկել քաղաքացիների և քաղաքացիական խմբերի սահմանադրական իրավունքների պաշտպանության պետության պոզիտիվ պարտավորությունները կատարելու ուղղությամբ, որակյալ արձագանք տալ հասարակական գործիչների և կազմակերպությունների նկատմամբ բռնությունների սպառնալիքներ տեղացող, բռնությունների կիրառման բոլոր դեպքերին: Հակառակ դեպքում, անգործությունն այս ոլորտում կարող է ծնել անդառնալի և ծանր հետևանքներ, որի պատասխանատվությունն ամբողջապես կրելու են ՀՀ իշխանությունները»:








































