Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով ՄՄ անդամակցությանը Սերժ Սարգսյանի որոշման և դրան հաջորդող քայլերի մասին՝ նշեց, որ դա բոլորի համար անսպասելի էր ոչ թե այն պատճառով, որ միամիտ էինք և մտածում էինք՝ հեշտ է գնալ մինչև վերջ և նախաստորագրել, այլ պարզապես բոլորը համարում էին, որ Հայաստանը կնախաստորագրի, քանի որ ՀՀ բոլոր առաջին դեմքերը՝ առանց բացառության, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը կողմ էին դրան:
Թե առաջիկայում Հայաստանը ինչպես կհամագործակցի Եվրոպայի հետ, քաղաքագետի կարծիքով՝ այնուամենայնիվ, շատ բան կախված է Եվրամիության քայլերից. «Ինչքան հասկանում եմ, Շվեդիայի արտգործնախարարի ազդեցությունը շատ մեծ է այսօր, և եթե նա ասում է, որ պետք է կասեցնել Հայաստանի հետ Արևելյան գործընկերության ամբողջ գործընթացը, մինչև տեսնենք՝ ինչ կլինի վաղը, ես կողմնակից եմ դրան: Ինչո՞ւ… որովհետև եթե հասարակության մեջ կասկած կա, թող հանգուցալուծվի այդ կասկածը: Եթե կասկած կա, որ դա մեզ համար օգտակար ազդեցություն է ունենալու, թող առանց Եվրոպայի ապրենք, և սա ուղղակի կբերի նրան, որ կես կամ մեկ տարուց հետո Հայաստանի իշխանությունները խնդրանքով կգնան Եվրոպա և կխնդրեն՝ շարունակել, քանի որ Մաքսային միությունը չի աշխատելու, ԱՊՀ երկրների ինստիտուտները՝ նույնպես, այստեղից ոչինչ չենք ստանա, բայց կկորցնենք այն, ինչ կստանայինք Եվրոպայից՝ տեխնոլոգիաներ, կրթություն, գիտություն»,- ասաց Ս. Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե նույնսիկ Եվրամիությունը կոշտ վերաբերմունք ցուցաբերի Հայաստանի նկատմամբ, հասարակությունը պետք է շարունակի պայքարել իր իրավունքների համար, բացատրել, որ, այնուամենայնիվ, Ասոցացման պայմանագիրը ճիշտ է, և Հայաստանը մեկ կամ կես տարի հետո կվերականգնի իր հարաբերությունները, բայց մենք այս ընթացքում կկորցնենք ժամանակ ու այն վստահությունը, որ ունեինք:
Իսկ թե ինչ պետք է աներ Եվրոպան, որ նման արդյունք չլիներ, Ստեփան Գրիգորյանը նշեց, որ Եվրոպայի, Միացյալ Նահանգների սկզբունքները շատ հասարակ են, նրանք ասում են՝ դուք եք ընտրողը, և չեն միջամտում:
Մեր զրուցակցի կարծիքով՝ խնդիրը պետական համակարգի մեջ է, քանի որ ստացվում է այնպես, որ մեկ հոգու վրա է դրված այդպիսի մեծ պատասխանատվությունը, և ինքը կտրուկ փոփոխություն պետք է կատարի: Բացի այդ՝ մենք համակարգի ավանդույթների խնդիր ունենք:
Ըստ նրա՝ այսօր պետք է լայնածավալ քննարկումներ անցկացվեն ԱԺ-ում, քանի որ սա ճակատագրական խնդիր է:






































