Այսօր ներկայացվեց «Հաղթահարելով փակուղին» ծրագիրը: Ծրագիրը ներկայացրին «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Կարինե Օհանյանը և ծրագրի ԼՂ համակարգող Իրինա Գրիգորյանը: Նրանք տեղեկացրին, որ ծրագրի շրջանակներում հունիս ամսին Թբիլիսի քաղաքում անցկացվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի վերլուծաբանների, փորձագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում-քննարկում, որի արդյունքում մշակվել է առաջարկությունների փաստաթուղթը՝ ուղղված երկու երկրների տեղական իշխանություններին, միջազգային կազմակերպություններին և կառույցներին:
Ըստ ծրագրի համակարգողի՝ առաջարկները բազմաթիվ են: Դրանցից մեկի համաձայն՝ առաջարկվում է հակամարտության գոտիներում ստեղծել վերահսկողություն, իրականացնել մշտադիտարկում:
Ծրագրի ներկայացմանը հաջորդեց Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի փորձագետների կողմից մշակված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկների, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի լուծման հարցում հակամարտության կողմերի պետական և հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետագա քայլերի վերաբերյալ քննարկում:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:









































