ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել են հայ-ռուսական խորհրդատվություններ քաղաքական– ռազմական ոլորտի խնդիրների շուրջ:
ԱԳՆ ՍՎՄԱ վարչության պետ Սամվել Մկրտչյանի և ՌԴ ԱԳՆ անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրեն Մ. Ուլյանովի գլխավորությամբ անցած խորհրդակցությունների ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են սովորական սպառազինությունների շուրջ բանակցային գործընթացի, Զենքի առևտրի պայմանագրի, հակահրթիռային պաշտպանության, միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան համաշխարհային նախաձեռնության, 2014թ. Հաագայում կայանալիք միջուկային գագաթաժողովի հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է եղել նաև Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձություններին և հնարավոր զարգացումներին:
Բանակցությունների ընթացքում կարևորվել է հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա խորացումը և համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների պարբերաբար անցկացման նշանակությունը և համաձայնություն է ձեռք բերվել հայ-ռուսական հաջորդ քննարկումներն անցկացնել Մոսկվայում 2013թ. դեկտեմբերին:
Հայ-ռուսական քաղաքական խորհրդակցությունների մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:







































