Երևանի քաղաքապետի ընտրության գործընթացի մեկնարկն ուղեկցվում է ամենևին ոչ նոր մի մտայնության տարածումով, որ Երևանի քաղաքապետը պետք է լինի երևանցի, որպեսզի սիրի քաղաքը, հոգով մոտենա քաղաքին: Այդ մտայնությունը ունի տասնամյակների ծագում և խոշոր հաշվով հանդիսանում է խորհրդային իրականության կեղծ, արհեստածին մնացուկներից մեկը, որոնք ընկած են նաև բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքային անարդյունավետ կառավարման հիմքում: Հայաստանում կառավարման խնդիրը դիտարկվում է զգայական-զգացմունքային չափանիշներով՝ «որ սիրի»:
Մի կողմ թողնենք այն, թե արդյո՞ք այդ մտայնության պարբերական շրջանառումն ունի խիստ որոշակի քաղաքական-մրցակցային նպատակ, հաշվի առնելով այն, որ ներկայումս ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը «Ելք» դաշինքն է, իսկ դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ծնունդով երևանցի չէ: Գուցե կա նաև այդ նպատակը, բայց կասկածից վեր է նաև, որ «Երևանի քաղաքապետը պետք է երևանցի լինի, որ սիրի Երևանը» մտայնությունը երևանյան հասարակության շրջաում բավական տարածված և նստած է:
Ընդ որում մի բան, որը զարմանալի է նույնիսկ, հաշվի առնելով այն, որ Երևանը խոշոր հաշվով տարբեր շրջաններից խորհրդային ՀԿԿ կենտկոմի կազմակերպած «ներգաղթի» շնորհիվ միայն միլիոնանոց դարձած քաղաք է: Ընդ որում, դեռ պետք է հասկանալ, թե այդ որոշումը ինչքանով է օգտակար եղել Հայաստանին և որքան վնաս է տվել, երեք միլիոնանոց պետության մեջ ստեղծելով գրեթե մեկուկես միլիոնանոց մի մայրաքաղաք: Եվ ինչի՞ համար՝ Բաքվից ու Թբիլիսիից հետ չմնալո՞ւ, թե՞ ինչպես ասում են՝ մետրոյի շինարարության համար, որովհետև դա «ատկատների» շատ մեծ աղբյուր էր: Բայց ունենք այն, ինչ ունենք, և թողնենք պատմությունը: Խնդիրը՝ ներկան ուղղելն ու ապագան ճիշտ հուն բերելն է:
Իսկ դրա համար պետք են ոչ թե սիրելու, հոգատար և ջերմ լինելու, այլ կառավարելու հատկանիշներ: Իսկ այստեղ արդեն իրավիճակը փոխվում է: Որովհետև, օրինակ, կոռումպացված չինովնիկն էլ սիրում է ինչ որ մեկին, ինչ որ խմբի, ինչ որ շերտի անպայման սիրում է, ընդ որում՝ այդ սիրով էլ արդարացնում է իր գողությունն ու կոռուպցիան՝ ընտանիք կամ երեխա ենք պահում հայտնի ձևակերպումով: Սերն ու հոգատարությունը կառավարման չափանիշ-չափորոշիչ չեն և լինել չեն կարող, դրանք կառավարումը աղճատող, նենգափոխող հատկանիշներ կամ կատեգորիաներ են: Երևանին, ինչպես և ցանկացած քաղաքի, անհրաժեշտ են կառավարիչներ, որոնք ոչ թե սիրելու են Երևանը, այլ պատասխանատու կերպով աշխատելու են, հասկանալու են Երևանի խնդիրները, լինելու են կոմպետենտ, կրեատիվ, պատկերացնելու են ընդհանրապես ինչ բան է քաղաք, ինչով է այն տարբերվում ավանից կամ գյուղից, ինչ բան է քաղաքային մշակույթ, ինչ ասել է քաղաքաբնակ, ինչպիսին պետք է լինեն քաղաքաբնակի կենցաղն ու վարքը:
Կառավարչից պահանջվում են ոչ թե զգացմունքներ քաղաքի հանդեպ, այլ պատասխանատվություն իրեն նշանակողի, տվյալ դեպքում՝ ընտրողի առաջ: Պահանջվում է արժեհամակարգ, աշխարհայացք, մտածողություն: Նյու Յորքի պատմության մեջ կմնա այդ քաղաքի ոչ թե ծագումով ամերիկացի, այլ ծագումով իտալացի քաղաքապետ Ջուլիանին, որը էական փոփոխություններ է իրականացրել Նյու Յորքում, լուծել խնդիրներ, որոնք նախկինում թվացել են անլուծելի:
Աշխարհում բազմաթիվ մեծ ու փոքր քաղաքների արդյունավետ, անգամ պատմության մեջ՝ ոչ միայն քաղաքի ու երկրի, այլ նույնիսկ համաշխարհային պատմության մեջ մտած քաղաքապետեր ծագումով չեն եղել տվյալ քաղաքներից, այն քաղաքներից, որ գլխավորել են: Տվյալ պարագայում առանցքային խնդիրն այն է, որ «միայն երևանցին կլինի Երևանը սիրող լավ քաղաքապետ» մտածողությունը միայն երևանյան մասշտաբի խնդիր չէ, որ առաջացնում է, քանի որ դա գործնականում հակաքաղաքացիական մտածողություն է, հետևաբար, այն իր հետքը թողնելու է հասարակական-քաղաքական նշանակության բոլոր գործընթացների և խնդիրների վրա, այսինքն՝ այդ մտածողությունը համապետական ազդեցություն ունեցող մտածողություն է, ինչն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում դրանից ձերբազատումը:







































