Թե՛ կառավարության հրաժարականը պահանջած Դաշնակցությունը, թե՛ նույնիսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բավական վրդովվել էին կառավարության արձագանքից, որ ներկայացվել էր հրաժարականի մասին Դաշնակցության պահանջին ի պատասխան:
Դաշնակցությունը, Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանը կառավարությանը մեղադրում էին ներկայիս տնտեսական ծանր վիճակի պատասխանատվությունն անարդարացիորեն նախորդ կառավարությունների վրա դնելու համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ, այդ արձագանքներին պատասխանելով, հայտարարեց, թե «շատ մեծ ցանկություն է պետք ունենալ, որպեսզի մեր պարզաբանումների մեջ գտնել ցանկություն՝ բարդել մեղքը նախորդ կառավարությունների վրա»: Այլ կերպ ասած՝ Տիգրան Սարգսյանն էլ կարծես թե այդ ցանկության առկայության համար մեղադրեց Դաշնակցությանը, Հովիկ Աբրահամյանին և Գալուստ Սահակյանին ու թերևս՝ նրանց պես մտածող մնացյալ պատգամավորներին:
Իսկ ի՞նչ կա այդ փոխադարձ մեղադրանքների տակ, տնտեսության իրական հատվածում, ի վերջո ո՞վ է պատասխանատու Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակի համար: Չէ՞ որ այդ վիճակի ծանրության բեռը կրող և արդեն գրեթե կրել չկարողացող քաղաքացու համար հետաքրքիր չէ, թե ով ում ինչ մեղադրանք է ներկայացնում և ինչ շարժառիթով: Մարդկանց հետաքրքիր է, թե ինչու է վիճակն այդպիսին և ով պետք է շտկի այն: Իսկ ինչո՞ւ է վիճակն այդպիսին: Այդպիսին է, որովհետև Հայաստանի տնտեսությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով ուղղակի պայթեց փուչիկի նման:
Իսկ ինչո՞ւ էր Հայաստանի տնտեսությունը փուչիկ դարձել: Փուչիկ էր դարձել, որովհետև տարիներ շարունակ արձանագրվող երկնիշ տնտեսական աճը չէր ուղղվել տնտեսության արդիականացման և իմունային համակարգի բարելավման գործին, այլ գնացել էր միայն Երևանի կենտրոնը բետոնով լցնելուն: Դա, իհարկե, շատ լավ էր, և գուցե եթե այդ չարաբաստիկ հիպոթեկային ճգնաժամն ու դրանից շղթայական ռեակցիայով տարածված ֆինանսա-տնտեսական ժանտախտը չլինեին, Հայաստանում արդեն եռանիշ տնտեսական աճեր կարձանագրվեին, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ կհռչակվեր «շինարարության Աստված»: Բայց ճգնաժամը եղավ, ու դա փաստ է, և փաստ է նաև այն, որ այդ ամենը բացահայտեց Հայաստանի երկնիշ տնտեսական աճերի դատարկությունը:
Ու այս դեպքում, թող տարօրինակ չթվա, բայց գուցե բարեբախտաբար եղավ ճգնաժամն, ու բացահայտվեց Հայաստանի տնտեսության դատարկությունը, որովհետև եթե այդ ամենն ավելի ուշ լիներ, ապա ինքնախաբեության հիասթափեցնող հարվածը երկրի համար ավելի ծանր կարող էր լինել: Իսկ որ վաղ թե ուշ լինելու էր, երևի թե կասկած չկա, քանի որ ներմուծումների և արտասահմանից եկող տրանսֆերտների հաշվին գոյություն պահպանող տնտեսությունը չի կարող այլ ճակատագիր ունենալ, քան թմրամոլի ճակատագիրն է: Եվ այն, որ դրա համար պատասխանատու են նախորդ կառավարություններն ու նրանց նշանակած նախագահը, կարծես թե նույնպես փաստ է կամ այդպիսին պետք է լինի: Բայց, միաժամանակ, փաստ է նաև, որ նախորդ տարիների տնտեսական քաղաքականության գործում մեծ դերակատարում ուներ նաև ներկայիս կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը, ով այն ժամանակ Կենտրոնական բանկի նախագահն էր և մեղմ ասած՝ վարում էր դրամի արժևորման քաղաքականություն՝ Հայաստանի տնտեսությունը կախման մեջ գցելով ներմուծումից:
Նախորդ կառավարություններից կամ այսպես ասած՝ տնտեսության համար նախորդ պատասխանատուներից այսօր, թերևս, միայն Անդրանիկ Մարգարյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, որ իշխանական համակարգում չեն: Մնացյալ բոլորը այս կամ այն կերպ առնչություն են ունեցել տնտեսության կառավարմանը, մասնակցություն են ունեցել տնտեսական լուրջ գործարքների իրականացմանը, այդ թվում՝ և ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, ով այն ժամանակ պաշտպանության նախարար էր և անվտանգության խորհրդի քարտուղար: Նույնիսկ Դաշնակցությունը, որ ներկայումս կառավարության հրաժարականն է պահանջում, մինչև 2009 թվականի ապրիլ պատասխանատվություն է կրում երկրում վարված տնտեսական քաղաքականության համար, քանի որ 2003 թվականից ի վեր եղել է իշխող կոալիցիայի անդամ:
Ինչ խոսք, եթե պայթած տնտեսության «հիմքը» նախորդ նախագահի կառավարման շրջանում է, երբ վարվում էր ընդամենը վիճակագրական ցուցանիշներին միտված, իսկ որակը, մրցունակությունն ու իմունային համակարգը անտեսող կամ սխալ հաշվարկող ու պատկերացնող քաղաքականություն, դա դեռ չի նշանակում, որ ներկայիս իշխանության տնտեսական քաղաքականությունը չէր կարող ավելի արդյունավետ լինել և Հայաստանի տնտեսությունը չենթարկել ցնցումների կամ զերծ պահել ճգնաժամի ճակատագրական ազդեցությունից: Դրա համար պարզապես պետք էր լիակատար ազատություն տալ փոքր ու միջին բիզնեսին, ոչ թե հայտարարել, որ եթե մեզ պարտք են տալիս, ուրեմն գնահատում են և համարում վստահելի: Դրա համար պետք էր, որ գոնե այդ պարտքը հասանելի լիներ բոլոր այն ձեռնարկություններին, որոնք իրապես դրա կարիքն ունեին, որոնք իրապես ունեին ճգնաժամային պայմաններում բիզնեսվարման տաղանդ և հնարամտություն, ոչ թե վարժված են միայն իշխանության տարատեսակ «նպաստներով» բիզնես վարելուն: Դրա համար պետք էր, որ, ասենք, 40 միլիոն վարկը ոչ թե գազային մոնոպոլիստ «ՀայՌուսգազարդին» տրվեր, այլ փոքր ու միջին ձեռնարկատերերին: Դրա համար պետք էր փոքր ու միջին բիզնեսն ազատել հարկային վարչարարության ճիրաններից, մաքսային կամայականություններից, ոչ թե անկաշառության ցուցադրական միամսյակներ կազմակերպել հեռուստաեթերում, իսկ իրականում ուղղակի մաշկել փոքր ու միջին բիզնեսը՝ պարտադրելով, որ դրանով զբաղվողները կամ մտնեն խոշորների կազմ, կամ էլ պարզապես տեղը զիջեն խոշոր գործարարների ձևավորած մանր ձեռնարկություններին: Ու մինչև հիմա էլ ներկայիս իշխանության վարած տնտեսական քաղաքականությունը, մեղմ ասած, ընդամենը «ագիտպրոպի» ռեմիքս է հիշեցնում: Հայտարարում են մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ պայքարի մասին, բայց մենք տեսնում ենք, որ տնտեսության բոլոր ոլորտներում արձանագրվում են ընդամենը խոշորացման փաստեր: Ահա այդ իմաստով, խոշոր հաշվով, որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչը արդար կամ անարդար կհամարեն Դաշնակցությունը, Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Տիգրան Սարգսյանը կամ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի վերջին տարիների պատմությունը՝ իր տնտեսական, քաղաքական, իրավական և բարոյական ասպեկտներով, բազմիցս ապացուցել է հասարակությանը, որ այդ մարդկանց մոտ արդարության յուրօրինակ պատկերացումներ են, որոնք որևէ ընդհանուր բան չունեն քաղաքացու և պետության շահի հետ: Հետևաբար արդարության շուրջ նրանց բանավեճերը չունեն որևէ հանրային արժեք և նշանակություն:











































