Warner Bros. կինոընկերությունը ծրագրում է թողարկել Հերբերտ Ուելսի «Դոկտոր Մորոյի կղզին» («The Island Of Dr. Moreau») վեպի նոր էկրանավորում: Այս մասին հայտնում է Deadline.com-ը:
Գիրքն առաջին անգամ լույս է ընծայվել 1896 թվականին: Այնտեղ պատմվում է մի գիտնականի մասին, ով մեկուսի կղզում մարդ-գազանների գաղութ էր ստեղծել: Նրա փորձն անհաջող է ստացվում: Մարդկանց վերածված կենդանիներն աստիճանաբար վերադառնում են կենդանական վարքի: Հայտնի է, որ նոր էկրանավորման մեջ իրադարձությունները կզարգանան մեր օրերում:
Ֆիլմի սցենարը կգրեն Բրայան ՄաքԳրիվին և Լի Շիպմանը: Ֆիլմի պրոդյուսերներից մեկը կդառնա Լեոնարդո դի Կապրիոն: Ռեժիսորի անունը դեռևս չի հաղորդվում: Ֆիլմի թողարկման ժամկետի մասին տեղեկություն նույնպես չկա:









































