Google-ի աշխատողները, ովքեր հատկապես սիրում են գրասենյակային ավտոմատ սարքերի անվճար M&M’s կոնֆետները, դարձել են Project M&M անվանումով գաղտնի փորձնական նախագծի մասնակից: Նախագիծը ստեղծվել էր ընկերության հատուկ բաժնի կողմից, որի տնօրինությունը ձգտում է բարելավել աշխատակիցների ֆիզիկական վիճակը: Ծրագրի խնդիրն է եղել նաև 40 հազար աշխատակիցների մոտ երջանկության զգացումը բարձրացնելը, ինչպես նաև նրանց կողմից օգտագործվող քաղցրավենիքի ծավալի նվազեցումը:
People Operations group ծրագրի հեղինակները շոկոլադե գունավոր կոնֆետները թափանցիկ տուփից լցրել են անթափանց տուփի մեջ, իսկ առողջության համար ավելի օգտակար չրերն ու ընդեղենը՝ թափանցիկ տարայի մեջ:
Արդեն 7 շաբաթ անց արդյունքը նկատելի է եղել: Google-ի նյույորքյան գրասենյակի 2000 աշխատողներն այդ ընթացքում օգտագործել են 3.1 մլն կալորիա պակաս: Նշենք, որ M&M’s-ի մեկ կոնֆետը մոտ 3.4 կալորիա է:
Այնուհանդերձ, չրերի ու ընդեղենի սպառումը մնացել է նախկին մակարդակի վրա՝ գրում է The New York Post-ը: Նախկինում ընկերությունն արդեն սովորեցրել է իր աշխատողներին խմել ավելի շատ հասարակ ջուր՝ քաղքցր ըմպելիքների փոխարեն: Նման փորձի արդյունքում գրասենյակներում ջրի սպառումն ավելացել է 47 տոկոսով, իսկ քաղցր ըմպելիքների սպառվող կալորիաների թիվը կրճատվել 7 տոկոսով:










































