Սեպտեմբերի 5-ին Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում և սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտում կկայանա D’Black Blues Orchestra խմբի համերգը, որի մենակատարն է ռուսաստանցի հայտնի գործարար Վլադիմիր Ավետիսյանը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրին ասուլիսի բանախոսները, սեպտեմբերի 5-ի համերգր նվիրված է Դիլիջանի միջազգային դպրոցի «ժամացույցի» գործարկմանը: Այն խորհրդանշելու է, որ մինչև դպրոցի բացումը մնում է մեկ տարի, իսկ համերգը նկարահանվելու է Հայաստանի հանրային հեոուստաընկերության կողմից: Խոսելով Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներից մեկը դառնալու իր որոշման մասին՝ Վլադիմիր Ավետիսյանն ասաց, որ դա մեծ պատիվ է իր համար:
«Ողջ աշխարհից ժամանած երեխաները ուսանում են ամերիկացի, բրիտանացի, ավստրալացի դասախոսների մոտ մի դպրոցում, որը գտնվում է Դիլիջանում: Ահա ասում եմ Ձեզ և չեմ հավատում: Եվ չէի հավատա, եթե չիմանայի, որ Հերբերտ Ուելսի դերում հանդես է գալիս Ռուբեն Վարդանյանը, ով ցանկացած հեքիաթ կարող է իրականություն դարձնել»,- նշեց նա:
Նշենք, որ D’Black Blues Orchestra-ն միավորել է վառ և տաղանդավոր կատարողների հինգ երկրներից՝ Ռուսաստանից, ԱՍՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Իսպանիայից:
Ստեղծվելով 2000 թվականին՝ D’Black Blues-ն իր երկրորդ ծնունդն ապրեց 2008 թվականին՝ շնորհիվ նոր ղեկավար և մենակատար Վլադիմիր Ավետիսյանի:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:








































