Վրաստանը իր հարևանների համար պետք է վերածվի փոխշահավետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների իրագործման տարածքի: Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արտասահմանյան երկրներում հավատարմագրված վրացի դիվանագետների հետ հանդիպմանը: Հանդիպումը տեղի է ունեցել Թբիլիսիում:
Անդրադառնալով տարածաշրջանում Վրաստանի հարաբերություններին՝ վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է խորացնել քաղաքական և տնտեսական հարաբերությունները տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
«Ես իմ առաջին պաշտոնական այցերը կատարել եմ հենց այս երկրներ և բարեկամական հարաբերություններ հաստատել դրանց քաղաքական առաջնորդների հետ, ինչն ինձ շատ է ուրախացնում: Ադրբեջանում, Թուրքիայում և Հայաստանում հավատարմագրված Վրաստանի դեսպաններին կոչ եմ անում խորացնել և զարգացնել այդ բարիդրացիական հարաբերությունները»,- հայտարարել է վարչապետը: