Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ շուտով ԱՄՆ-ը և Ռուսաստանը հնարավոր է բացահայտ առճակատման գնան: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է երկու գերտերությունների միջև ուժերի նոր հավասարակշռություն ստեղծել. դրանում Թուրքիան կարող է կարևոր դեր խաղալ: Այս կարծիքն է հայտնել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը՝ գրում է Anadolu-ն:
Նրա խոսքով՝ առանձին խմբավորումների միջոցով Սիրիայում առավելություն ստանալու որոշ գերտերությունների փորձերը հեռանկար չունեն: «Թուրքիան ԱՄՆ-ի և ՌԴ-ի համար ամենաշահավետ գործընկերն է Մերձավոր Արևելքում շահերի պահպանման տեսանկյունից»,- ասել է Քուրթուլմուշը:
Նա նաև ավելացրել է, որ ԴԱԻՇ-ը համագործակցում է Բաշար Ասադի ռեժիմի հետ: «Մենք շատ լավ գիտենք, թե հատկապես ով է զինում ահաբեկիչներին. Վաշինգտոնը պետք է ճիշտ ընտրություն կատարի ահաբեկիչների և դաշնակից երկրի՝ ուժեղ բանակ և հզոր ռեսուրսներ ունեցող Թուրքիայի միջև»,- ասել է նա:









































