Պենտագոնի Ռազմական համագործակցության վարչությունը վերջին 10 շաբաթներին մերձավորարևելյան երկրներից ստացել է ընդհանուր 13 միլիարդ դոլարի սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման պատվերներ: Ինչպես հայտնում է Defense News-ը, վարչությունն արդեն Կոնգրեսին ծանուցել է ծրագրվող գործարքների մասին: Սաուդյան Արաբիայի և Իրաքի հետ գործարքներին նախնական հավանություն է տրվել: Այդ երկու պետությունները պատվիրել են ընդհանուր 11 մլրդ դոլարի ռազմական արտադրանք:
Մասնավորապես, Սաուդյան Արաբիան մտադիր է ԱՄՆ-ից ձեռք բերել Mark V պարեկային մոտորանավակներ, օդուժի ինքնաթիռների տեխնիկական սպասարկման ծառայություններ, ինչպես նաև ազգային գվարդիայի՝ 6.4 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա: Իրաքը պատվիրել է զրահապատ տրանսպորտային միջոցներ, ուղղաթիռներ և զենիթային հրթիռներ:
Ամերիկյան ռազմական արտադրանքի այլ պատվիրատուներ են դարձել Կատարը, Լիբիան Քուվեյթը: Մասնավորապես, Կատարը մտադիր է 1.1 մլն դոլարով ձեռք բերել հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող ռադիոտեղորոշիչ կայան: Լիբիան պատվիրել է 588 մլն դոլարի C-130J Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ: Քուվեյթը 200 մլն դոլարով մտադիր է գնել F/A-18 Hornet կործանիչների սպասարկման ծառայություններ:
Վարչության գնահատականով՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումը նշված երկրներ թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել ահաբեկչության դեմ:











































