Ադրբեջանի ԱԳՆ-ն անօրինական է համարել մի խումբ ռուս լրագրողների այցը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է 1news.az-ը:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևի խոսքով՝ պաշտոնական Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է Լեռնային Ղարաբաղ չարտոնված այցելությունների հարցում, և այնտեղ այցելած անձինք կհամարվեն անցանկալի մարդ Ադրբեջանում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղարաբաղ են այցելել ռուս լրագրողներ և հասարակական գործիչներ, որոնց թվում եղել է ռուսական հետախուզության նախկին աշխատակից, այժմ հեռուստահաղորդավարուհի Աննա Չապմանը: REGNUM-ի փոխանցմամբ՝ խմբի կազմում եղել են նաև Ռուսաստանի Հասարակական պալատի անդամ Դենի Դվորնիկովը, DairyNews գործակալության թղթակից Ալեքսանդրա Ռիժկովան, իրավապաշտպան Սերգեյ Կարնաուխովը:
Այցն իրականացվել էր «Հայ-ռուսական համագործակցություն» մոսկովյան կազմակերպության նախաձեռնությամբ:
Օգոստոսի սկզբին Բաքուն հրապարակել է «սև ցուցակ», որում ներառված է 335 մարդ:










































