Ինչպես գրում է Vedomosti-ն, այսօր Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահները ստորագրելու են հուշագիր Հյուսիսային Կովկասի համատեղ զարգացման վերաբերյալ: Այս մասին թերթը տեղեկացել է ռուսական պատվիրակության պաշտոնյաներից մեկից: Այս թեմայի շուրջ բանակցությունների մասին տեղեկությունը հաստատել է նաև ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:
Հուշագրում խոսքը գնալու է համագործակցության լայն ոլորտի մասին, այդ թվում` Սև և Կասպից ծովերի հանգստավայրերում: Ֆրանսիական կողմը պատրաստ է ռուսաստանցի իրենց գործընկերներին փոխանցել լեռնային և ծովափնյա վայրերի շահագործման փորձը:
«Հյուսիսային Կովկասի հանգստավայրեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ահմեդ Բիլալովն ասել է, որ հիմա քննարկվում է մի տարբերակ, երբ Ֆրանսիան ներդրումներ է իրականացնում, իսկ Ռուսաստանը՝ երաշխիքներ տալիս դրանց համար: ֆրանսիական ընկերությունները կառուցելու են հյուրանոցներ, ներքին ենթակառուցվածքներ: Սակայն հայտնի չէ, թե որքան կկազմեն ներդրումները:
Թերթը գրում է, որ Ֆրանսիան պատրաստ է գումարներ ներդնել, սակայն նրան պետք են երաշխիքներ «ֆորս մաժորներից» պաշտպանվելու համար: Ֆրանսիացիներն ուզում հավաստիքներ, որ իրենց գումարներն ամբողջությամբ վերադարձվելու են, եթե անցանկալի իրադարձություններ տեղի ունենան:










































