Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ սկսվել է Նիկողոս Սուքիասյանի և մյուսների գործի դատավարությունը:
ՀՀ ՊՆ զորամասերից մեկի նվագախմբի ռազմական դիրիժոր, 35-ամյա Նիկողոսը մեղադրվում է ոչ երաժշտական «գործունեության» համար:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա, նախնական համաձայնության գալով եղբայրներ Կարեն և Տիգրան Ռուբենյանների հետ, 2013 թվականի փետրվարի 21-ին, ժամը 22-ի սահմաններում ապօրինի մուտք է գործել իրենց զորամասի տարածքում ու հաշվեկշռում գտնվող նախկին բուժկետի շինություն և գաղտնի հափշտակել… 5600 դրամ ընդհանուր արժողությամբ 13 պարկ մանրատախտակ:
Ինչ-որ տեղ Նիկողոսը շարունակել է «դիրիժոր» ու միաժամանակ «նվագող» լինել՝ իր «նվագախմբում» ունենալով երեք «կատարող»:
Ամբաստանյալի աթոռին Նիկողոս Սուքիասյանի հետ նստած են 23-ամյա Կարեն ու 21-ամյա Տիգրան Ռուբենյանները, ովքեր, ըստ մեղադրանքի, 13 պարկ մանրահատակի գողությունից 3 օր հետո՝ փետրվարի 24-ին, շինությունում մնացած մանրահատակը ևս գողանալու մտադրությամբ արդեն երկուսով ապօրինի մուտք են գործել նախկին բուժկետ, հափշտակել 9160 դրամ ընդհանուր արժողությամբ 6 պարկ մանրահատակ, ջեռուցման 2 մարտկոց, զուգարանակոնքի մեկ ջրի տարա, 7 մետր ընդհանուր երկարությամբ ջեռուցման ու սանհանգույցի մետաղե խողովակներ:
Այս երկրորդ դրվագով ռազմական դիրիժորի փոխարեն Կարենի ու Տիգրանի կողքին է եղել ու, ելնելով արժեքներից՝ օգտագործված շինանյութի գիշերային հափշտակությանն աջակցել է նրանց… մայրիկը՝ 44-ամյա Մարիետան, ով ևս, մեղադրվելով գողությանն աջակցելու համար, որդիների կողքին տեղ է զբաղեցրել ամբաստանյալի աթոռի վրա:








































