Այն մարդիկ, ովքեր ունեն կենդանի շփման բարդույթներ, բայց այդ պահանջմունքը կա, երբեմն ընտրում են վիրտուալ շփման տարբերակը:
«Նույն մարդը կարող է մեկի հետ վիրտուալ շփման մեջ ավելի ազատ լինել, ներդաշնակ լինել, բայց իրական կյանքում, երբ տետ-ա-տետ նստեն, չկարողանա երկու բառ փոխանակել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Աննա Բադալյանը: Հոգեբանի կարծիքով՝ սա հեշտ ձև է, եթե չլիներ սա, նա գուցե այլ ուղիներ գտներ՝ շփման բարդույթը հաղթահարելու համար:
«Երբ մարդ կանգնում է իրականության փաստի առջև՝ սկսում է իր համար ելքեր գտնել, եթե այդ մարդը որոշակի առումով առողջ միջուկ ունի: Մարդը սկսում է ելքեր գտնել, ինքն իր ներքին կոնֆլիկտները հաղթահարել: Ստացվում է այնպես, որ մարդ կարողանում է հաղթահարել այն, ինչն իրեն խոչընդոտում է »,- նշեց հոգեբանը: Նրա կարծիքով, եթե այդ վիրտուալ շփման տարբերակը կա, մարդն իր հնարավորությունները չի օգտագործում և հոգեբանական առումով ծուլանում է:
Մարդ ինչքան ավելի է վիրտուալ շփման մեջ իրեն տեսնում, այնքան ավելի է «վնասվում» իրական շփումը: Հոգեբանի խոսքերով՝ առավելություն է այն, որ վիրտուալ շփումը կարող է լինել սկիզբ՝ հետագա իրական շփման համար, որը պիտի զարգացնեն, նույն առումով՝ կարող է առավելություն լինել այն, որ մարդիկ գուցե երբեք չկարողանային հանդիպել, եթե չլիներ վիրտուալ հաղորդակցությունը: Խոսքն, ըստ նրա, ոչ միայն կին-տղամարդ հարաբերություններին է վերաբերում, այլ նաև զուտ մարդկային շփմանը:
Աննա Բադալյանը հավելեց, որ սոցիալական էջը շատ բան է պատմում մարդու մասին, նրա ներաշխարհի ու զգացողությունների մասին: Եթե մասնագետն ուսումնասիրի, ըստ նրա, անմիջապես կհասկանա՝ ինչ-որ բան դիտավորյալ, ցուցադրակա՞ն է դրված էջում, թե՞ անկեղծորեն: Հոգեբանի կարծիքով՝ եթե վիրտուալ շփումը՝ առանց իրական հաղորդակցման, երկար տևի՝ անձի հոգեբանական զարգացման առումով կարող է լուրջ վնաս հասցնել կողմերին:








































