Բրիտանիան հնարավոր է համարում ցանկացած գործողություն, որը կարող է դադարեցնել Սիրիայում արյունահեղությունը, և կստուգի Դամասկոսի մոտակայքում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը, հինգշաբթի օրը փոխանցում է Reuters գործակալությունը:
«Մենք կարծում ենք, որ արյունահեղությունը դադարեցնելու լավագույն ճանապարհը քաղաքական որոշումն է: Սակայն վարչապետն ու ԱԳ նախարարը բազմիցս ասել են, որ չի կարելի բացառել և ոչ մի գործողություն, որը կարող է կանխել Սիրիայում անմեղ կյանքերի կործանումը»,- ասել է ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ տեղեկատվության հաստատման դեպքում «ուժային գործողություններ» են անհրաժեշտ: Նա չի օգտագործել «ռազմական գործողություններ» բառակապակցությունը: Ընդ որում, նրա կարծիքով, Սիրիայի իրադրությանը կարող է արձագանքել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, փոխանցում է РИА Новости-ն:









































