Ավստրալիայի ԱԳՆ-ն ներողություն է խնդրել Սոլոմոնյան կղզիների վարչապետ Գորդոն Դարսի Լիլիոյից միջադեպի համար, որն օրերս տեղի էր ունեցել Բրիսբենի օդանավակայանում: Վարչապետը Բրիսբեն էր ժամանել մասնավոր այցով:
Թռիչքից առաջ անցկացված ստուգումների ժամանակ օդանավակայանի անվտանգութան աշխատակիցները կղզի-պետության կառավարության ղեկավարին առանձնացրել են ընդհանուր հերթից և ստիպել նրան պայթուցիկների հնարավոր առկայության համար հավելյալ ստուգում անցնել:
Վարչապետը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր օգնականները տեղյակ էին պահել Ավստրալիայի միգրացիոն ծառայության աշխատակիցներին, որ նրանք գործ ունեն վարչապետի հետ, և որ նման խուզարկությունն անհեթեթություն է: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ավստրալիայի ԱԳՆ ներկայացուցիչն ափսոսանք է հայտնել նրան պատճառված հնարավոր անհարմարությունների առնչությամբ: Նրա խոսքով՝ ներկայումս միջադեպի հանգամանքների հետաքննություն է կատաչվում:











































