Միջազգային հեղինակավոր Moody՛s վարկանիշային կազմակերպությունը հրապարակել է Հայաստանի մասին նոր զեկույց: Համաձայն այդ զեկույցի Հայաստանը գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը:
Այս անգամ Moody՛s-ը Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշերի կանխատեսումը գնահատել է «կայուն» և հաստատել Ba2 մակարդակում: Նախորդ տարի այն «բացասականի» էր:
Վարկանիշային կազմակերպությունը այս որոշումը բացատրել է Հայաստանում եկամուտների կայուն հավաքագրմամբ, ինչպես նաև ընթացիկ դեֆիցիտի աստիճանական կրճատմամբ ՀՆԱ-ում: Պետք է նշել, որ պետբյուջեի դեֆիցիտը հասել է՝ մինչև ՀՆԱ-ի 1.5 տոկոսի՝ 2009թ.-ի 7.5 տոկոսի համեմատ:
Վարկանիշի բարձրացման համար կարևոր գործոն էր նաև բարենպաստ պայմաններով արտաքին ֆինանսական միջոցների, օտարերկրյա ներդրումների ու այլ ֆինանսական հոսքերի ներգրավումը տնտեսության մեջ: Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա վերջին ՀՆԱ-ի 44 տոկոսի մակարդակում էր:
Կազմակերպությունը վերանայել է նաև ազգային արժույթի առաստաղը ՝ հաստատելով այն Baa3 մակարդակում: Նախկինում այն Baa1 էր:











































