Հայաստանում ներքաղաքական գործընթացների ակտիվացումը բացահայտորեն պայմանավորվում է արևմտյան ազդակներով:
Գծագրվում են Հայաստանի ներքաղաքական գործընթացում արևմտյան շահագրգռության տարբեր սցենարներ, տարբեր մոտիվացիաներ: Հիմնականում գերակշռում է Ղարաբաղի և հայ-թուրքական հարցերի շահագրգռությունը, սակայն կան նաև վարկածներ, որ Արևմուտքի համար ժողովրդավարական Հայաստանն իսկապես կարևոր հանգամանք է Հարավային Կովկասի գործընթացները կառավարելու հարցում գործընկեր ունենալու առումով: Կասկած չկա, որ տարածաշրջանի վերափոխման դեպքում Արևմուտքին հարկավոր է այդպիսի գործընկեր:
Այդպիսին չի կարող լինել անորոշ Թուրքիան, չի կարող լինել իսլամական Իրանը և չի կարող լինել խանական Ադրբեջանը: Արևմուտքը այդպիսին փորձեց տեսնել Վրաստանի մեջ, և Վրաստանի նախագահ Սաակաշվիլին զգալի ներդրումներ կատարեց այդ հարցում Արևմուտքին համոզելու համար, որ ընտրությունը ճիշտ է կատարված: Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական վերջին ընտրություններն էապես փոխեցին արևմուտքի ծրագրերի մագիստրալ հունն այդ երկրում: Առաջիկա նախագահական ընտրությունների ելքը այդ երկրի արևմտյան գործընկերների համար ավելի են դժվարացնում Թբիլիսիի հետ երկարաժամկետ ծրագրեր մշակելու հարցերը: Ըստ ամենայնի, Վրաստանի ընտրությունն Արևմուտքի համար միջանկյալ է, և Վրաստանը մեր տարածաշրջանում չի դիտվում որպես երկարաժամկետ գլխավոր գործընկեր: Պարզապես Վրաստանը ժամանակավոր պլացդարմ է, մինչև որ Հայաստանում տեղի կունենան այն տրանսֆորմացիոն պրոցեսները, որոնք երկիրը կհանեն խորհրդա-ռուսական մտածողության, հոգեբանության և կարծրատիպերի ճիրաններից ու կդարձնեն իրապես արդիական ու ազատ պետություն, այդպիսով մեր բարդ տարածաշրջանում այն դարձնելով արևմտյան քաղաքականության ռազմավարական գործընկեր: Համենայնդեպս, Հայաստանի հասարակությունը` որպես այդպիսին, այս տարիների ընթացքում Արևմուտքին շատ ավելի վառ ապացույցներ է «ներկայացրել» այդ կարգավիճակի համար առավել նախընտրելի լինելու տեսանկյունից, քան որևէ այլ, այդ թվում և` վրացական հասարակությունը:
Ի վերջո, միայն այդպիսի հանրային բազայի դեպքում է հնարավոր երկարաժամկետ հեռանկարներ կապել տվյալ պետության հետ: Ըստ երևույթին, հասկանալով, որ Վրաստանն օգտագործելով որպես միջանկյալ պլացդարմ` Արևմուտքը փորձում է ռազմավարական գործընկերոջ հարց լուծել Հայաստանի գործընթացով, Ռուսաստանը փորձում է զրկել Արևմուտքին այդ միջանկյալ պլացդարմից, քանի դեռ Հայաստանում չի լուծվել ռազմավարականի հարցը: Ընդհանրապես պետք է արձանագրել, որ Վրաստանում տեղի ունեցողը բավական կարևոր է դառնում Հայաստանի համար, որովհետև այդ երկրում իրադրության զարգացումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ մեր երկրում:
Եթե փոքր-ինչ կոպիտ և ընդհանրական ձևակերպեմ խոսքս, ապա Վրաստանում ընտրությունների ցանկացած ելքի դեպքում շատ քիչ է հավանական, որ Հայաստանում սկսված ներքաղաքական գործընթացը կարող է մինչև վերջ գնալ մեկնարկի տրամաբանությամբ և հանգել որոշակի նոր իրավիճակի:
Դժվար է ասել իհարկե, թե Վրաստանում Սաակաշվիլիի կուսակցության ներկայացուցչի պարտությունը կամ հաղթանակը նախագահական ընտրություններում գահընկեց անելու ինչով կավարտվի Ռուսաստանի համար, սակայն ընտրությունների ցանկացած ելք, թերևս, չպետք է ոգևորի ո՛չ Հայաստանի իշխանությանը ու ո՛չ էլ ընդդիմությանը:







































