Հայաստանում, հատկապես՝ Երևանում իրար կողքի աճում են խոշոր սուպերմարկետները: Դրան զուգահեռ՝ իր սնանկացման մասին է հայտարարել «Սթարը», որն ամենաառաջին և ամենախոշոր սուպերմարկետների ցանցերից էր Հայաստանում: Այժմ Երևանի մանրածախ շուկայում «տիրություն» են անում նախ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» և «Կայզեր» սուպերմարկետների ցանցերը, ապա՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի «ՍԱՍ»-ը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի «Զովքը», դեռևս աշխատում են նաև «Սթարի» մի քանի խանութները: Եվ այս սուպերմարկետները երբեմն բացվում են իրարից շատ փոքր հեռավորության վրա՝ թվում է, թե առանց տնտեսական հաշվարկների և մեկը մյուսին խանգարելով:
Երևանի միայն Կոմիտասի պողոտայի վրա կան չորս խոշոր սուպերմարկետներ՝ «ՍԱՍ», երկու «Սթար» և «Երևան Սիթի»: Այդ պողոտայի վրա կան նաև բազմաթիվ այլ փոքր ու միջին մթերային և տնտեսական խանութներ: Եվ կարելի է պնդել, որ այդ հատվածում այդքան սուպերմարկետների և փոքր խանութների առկայությունը չափից ավելի շատ է: Կա՞ արդյոք որոշակի տնտեսական հաշվարկ, թե Երևանին նման քանի սուպերմարկետ է անհրաժեշտ, արդյո՞ք այդ հսկայական սուպերմարկետները ողջ մայրաքաղաքով մեկ սփռվում են որոշակի հաշվարկի կամ ստանդարտների շրջանակում:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքերով՝ նման հաշվարկ չկա: «Այստեղ ավելի շատ մի ստանդարտ կա, և դա այն է, որ ովքեր հնարավորություն ունեն կառուցել այդ սուպերմարկետները, ունեն որոշակի առավելություն՝ ավելի մաքուր են, շատ ապրանքատեսակներ, հաճախ ավելի լավ սպասարկում ունեն։ Բայց քանի որ իշխում է սեփական բիզնեսի և շահույթի ցանկությունը, մնացած նորմերը չեն գործում: Հատկապես Եվրոպայում սուպերմարկետները կառուցում են քաղաքի արվարձաններում, մեծ տարածքներում՝ ավտոկայանատեղիների մեծ հնարավորություններով, որպեսզի փոքր ու միջին բիզնեսներին չվնասեն: Մեզ մոտ հակառակն է՝ կառուցում են ավելի կենտրոնական, մարդաշատ վայրերում: Եվ որևէ հաշվարկ կամ նմանատիպ ստանդարտ չի պահպանվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գ. Մակարյանը:
Մեր հարցին, թե ամեն դեպքում արդյոք այդքան սուպերմարկետների և փոքրումեծ խանութների առկայությունը մանրածախ առևտրի ոլորտում մրցակցություն չի՞ ապահովում, նա պատասխանեց. «Բացարձակ չի ապահովում՝ մի քանի պատճառներով. մեզ մոտ բացի այն, որ սուպերմարկետը լրացուցիչ հասույթ ունի իր համեմատաբար լավ սպասարկման շնորհիվ, դրանց տերերը նաև խոշոր ներկրողներ են և իրենց ապրանքն իրենք են ներկրում: Այդ դեպքում կարող են մեքենայություններ անել գների առումով: Եթե տեսնում է, որ իր սուպերմարկետին կարող է լրացուցիչ առավելություն հայտնել, իր ներկրած ապրանքները կվաճառի այնպես, ինչպես կամենա՝ էժան, և դա բավականին ձգողականություն է առաջացնում: Օրինակ, «Զովքը» միշտ հայտնի է եղել մի փոքր ավելի ցածր գներով: Երբեմն ցածր գների քաղաքականություն է վարում նաև «Երևան Սիթին»: Փոքր խանութներն ապրանքը ձեռք են բերում այդ նույն ներկրողներից: Իսկ նրանք կարող են դիտավորյալ այնպիսի գնով վաճառել, որ մրցունակության փոքր հնարավորություն թողնեն:
Հայտնի է, որ Ս. Ալեքսանյանը մեր երկրի լայն սպառման ապրանքների ամենախոշոր ներկրողն ու սուպերմարկետների ամենամեծ ցանց ունեցողն է: Ասում են, որ նա մոտ 40 հազար ապրանքատեսակ է ներկրում: «Զովքի» սեփականատեր Գ. Խաչատրյանը ոչ միայն խոշոր ներկրող է, այլև ողջ ներկրումները հսկող ՊԵԿ-ի նախագահն է: Այսինքն՝ այս երկու պաշտոնյաները մեծ լծակներ ունեն մանրածախ առևտրի շուկան իրենց խաղի կանոններով պահելու գործում: Որոշակի ապրանքներ ներկրում է նաև «ՍԱՍ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանը: Նույնիսկ կարծիք կա, որ «Սթարի» սնանկացումը հենց այս պաշտոնյաների՝ ավելի շուտ Գ. Խաչատրյանի ցանկության արդյունքն է եղել: Հայտնի է, որ ֆրանսիական «Կարֆուր» խանութների ցանցն արդեն սկսել է իր ներկայացուցչությունը հիմնել նաև Երևանում: Եվ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գ. Խաչատրյանը հայաստանյան «Կարֆուրում» փայատեր է: Ու քանի որ Երևանը ի վիճակի չէ բավարարել անսահմանափակ թվով սուպերմարկետների գոյությունն ու նրանց տերերին շահույթ պարգևել, որոշվել է ՊԵԿ-ի վարչական լծակներով մեկին՝ այս դեպքում «Սթարին» շարքից հանել: Գ.Մակարյանը համաձայն չէ այս տեսակետի հետ, որ «Սթարը» սնանկացավ որոշակի համաձայնության արդյունքում: Կամ՝ միգուցե արհեստականորեն գնաց սնանկացման, որ մոտ 150 մլն դրամի պարտքերը վճարելուց խուսափի: Եվ արդյո՞ք այդ գումարը նման հզոր ցանցի համար խնդիր էր, որ դրա պատճառով գնաց սնանկացման:
««Սթարի» դեպքում կարող էր մենեջմենթի խնդիր լինել: Շատ արագ ավելացնում էր խանութների քանակը, իսկ դրանք պահանջում էին նոր ներդրումներ: Եվ քանի որ իրենց մուտքերն ու նոր ծախսերը համահունչ չէին, այդպես եղավ: Կարող է նաև քաղաքական իմաստ էլ է ունեցել՝ սեփականատերերի փոփոխություն, բայց հիմնականում մենեջմենթի խնդիրն է»,- ասում է Գ. Մակարյանը:
Իսկ միգուցե Երևանում սուպերմարկետները, ինչպես և ցանկացած բիզնես իշխանությունների կողմից քվոտավորված է, իշխանություններն են որոշում, թե իրենց ազդեցության տակ գտնվող որ գործարարը որքան խանութ պետք է բացի: Գ.Մակարյանը, սակայն, այս մտքի հետ չհամաձայնեց. «Կարծում եմ, որ իշխանություններն ունեն մի խնդիր, որն ուզում են լուծել, և այդ ճանապարհին հնարավոր է՝ սխալվեն. աշխատատեղերի ստեղծման, նոր ներդրումների կարիք կա: ՀՀ-ում կա մոտ 230-240 հազար աղքատ ընտանիք՝ աղքատության 35 տոկոսի հաշվարկով: Որպեսզի 4 անդամ ունեցող մի ընտանիքը աղքատությունից դուրս գա, առնվազն պետք է 2 աշխատող ունենա և միջինը՝ 300 դոլարին համարժեք աշխատավարձ ստանա: Կառավարությունն իր հնգամյա ծրագրում մինչև 2017 թ. պլանավորել է ստեղծել 100 հազար աշխատատեղ: Դա կարող է ընդամենը 50 հազար ընտանիքի աղքատության հարցը լուծել: Այսինքն ևս 5 տարի հետո 180 հազար ընտանիք մնալու է աղքատ: Եթե այս տեմպերով ուզենք աղքատությունը սպառել, երևի 15-20 տարի է հարկավոր: Կա նաև որոշ մարդկանց տնտեսական շահի խնդիրը, որը նույնպես շատ ազդեցիկ է: Եվ նրանք կարողանում են այդ հարցերը համաձայնեցնել, բարձր մակարդակներում իրենց կապերի շնորհիվ թույլտվություններ ստանալ և այլն: Եվ պետությունը շատ հաճախ երկու նապաստակ է որսում՝ չի նեղացնում այն մարդկանց, որոնց հետ ունի հարաբերություններ՝ տալով թույլտվություններ: Միաժամանակ լուծում է սոցիալական խնդիրներ, քանի որ այսօր մինչև կոկորդը հարկավոր են աշխատատեղեր: Եվ այդ խնդիրների դեպքում երբեմն աչք է փակում որոշ խախտումների նկատմամբ»,- հավելեց Գ. Մակարյանը:
Հարցին, թե այս պարագայում իշխանությունները շատ հաճախ առաջնությունը տալիս են հենց ա՞յդ մարդկանց, Գ. Մակարյանը հետևյալ կերպ պատասխանեց. «Իհարկե ես չեմ թաքցնում, որ հաճախ այդպես էլ է լինում: Եվ դա է պատճառը, որ շատ հաճախ պայքարն ու բողոքներն իրավիճակ չեն փոխում, ոչ ոք չի արձագանքում դրանց: Եվ այդ կերպ էլ ապագա մոնոպոլիաների, ապագա գերիշխող դիրքի հնարավորություններն էլ ձևավորվում են»։






































