«Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական հասարակությունը բավականին թույլ է: Դրա պատճառն այն է, որ ԼՂ իշխանությունները բավականին կոռումպացված են ու ավտորիտար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի ղարաբաղյան համակարգող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Կարեն Օհանջանյանը:
Նրա խոսքով՝ ԼՂ իշխանությունները փաստացիորեն ղեկավարում են քաղաքացիական հասարակությունը. «Այն անկախությունը, որ քաղհասարակությունը ԼՂ-ում ուներ 1992 թվականից մինչև 2004 թվականը, հիմա չկա: Հիմիկվա իշխանությունը և նախագահը ավտորիտար է, բացառությամբ 2-3 կազմակերպությունների, որոնցից մեկը Հելսինկյան քաղաքացիական նախաձեռնությունն է, մյուսը՝ Ստեփանակերտի մամուլի ակումբը, մյուսները վերահսկվում են: Առհասարակ 130-ից ավելի հասարակական կազմակերպություն է գրանցված, որոնց մեծ մասը, սակայն, իրականում կառավարության ենթաբաժիններ են և կատարում են նրանց կամքը»:
Մեր զրուցակիցն իր հիացմունքը հայտնեց այն շարժման նկատմամբ, որը սկսվել է Հայաստանում: Դա, նրա խոսքով, միանգամայն նոր երևույթ է, որն արտացոլում է մարդկանց դժգոհությունը սոցիալական խնդիրների հանդեպ, և որին ներգրավված է երիտասարդությունը. «Նրանք հետագայում Հայաստանի քաղաքական կյանքում վճռորոշ դեր են խաղալու: Ես կարծում եմ, որ այդ տրանսֆորմացիան հետագայում կլինի նաև Ղարաբաղում, չնայած նրան, որ բավականին թույլ քաղաքացիական հասարակություն է հիմա այստեղ: Այն սոցիալական բոլոր խնդիրները, որ կան Լեռնային Ղարաբաղում` ուղղակիորեն պարտադրում են քաղաքացիական հասարակությանը վերաիմաստավորել իր դերն ու էլ ավելի ակտիվ լինել»:
Կարեն Օհանջանյանի գնահատմամբ՝ այս իրավիճակը Ղարաբաղում ավտորիտար ռեժիմի պատճառով է. «Ամբողջը նախագահի և վարչապետի ձեռքերում է, իշխանությունները բավականին կոռումպացված են, օգտագործում են իրենց բոլոր լծակները: Վերջին ընտրությունները հատկապես չէին արտացոլում մարդկանց իրական ցանկությունները, իրական տրամադրությունները:
Միայն ներքին դեստաբիլիզացիայի վտանգն է ստիպում մարդկանց հետ կանգնել պայքարելու և ակտիվանալու որոշումից, բայց ես կարծում եմ, որ իշխանությունները գիտակցում են այդ ռեալ վտանգը, և եթե նրանք սթափ դատելու ունակություն ունեն, ապա հետևություններ կանեն այն ամենից, ինչ տեղի ունեցավ Հայաստանում»:
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Ղարաբաղի մեկ այլ խնդրին՝ զանգվածային արտագաղթին. «Սոցիալական ծանր վիճակը ստիպում է, որ արտագաղթը հասնի ահագնացող տեմպերի, դա էլ իր հերթին կարող է վտանգել երկրի անվտանգությունը: Մարդիկ չեն կարողանում իրենց խնդիրները լուծել երկրի ներսում, ինչի պատճառով էլ ստիպված են լինում լքել երկիրը»:











































