Տանգոյի ռիթմերն իրենց գերակայության տակ են առել Արգենտինայի մայրաքաղաքը, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից հավաքվել են այդ պարի սիրահարները փառատոնին մասնակցելու համար:
Երկշաբաթյա «պարային մարաթոնի» մեկնարկը տալու իրավունքը տրվել է Բուենոս Այրեսի լավագույն տանգո-նվագախմբերից մեկին՝ Sexteto Mayor-ին: Անվանի խումբը համերգներով եղել է աշխարհի ավելի քան 750 քաղաքում: Տանգոյի փառատոնի հարթակներում խումբը կնշի իր 40-ամյա հոբելյանը:
Փառատոնի ծրագիրը ներառում է տարբեր համերգներ, ներկայացումներ, հանդիպումներ, համաժողովներ ու վարպետության դասեր, ինչպես նաև պարային երեկոներ: Բացի դրանից՝ կգործի տոնավաճառ, որտեղ հնարավոր կլինի ձեռք բերել տանգոյի համար հագուստ և կոշիկ, գնել գրքեր, հուշանվերներ և այն ամենը, ինչ կապված է այս պարի հետ:
Օգոստոսի 19-ին փառատոնի շրջանակում կմեկնարկի տանգոյի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի տարբեր երկրների մոտ 500 զույգ: Հաղթողները հայտնի կդառնան օգոստոսի 26-ին և 27-ին:










































