Վերջին ժամանակներս Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը չեն հրապարակում իրենց անձնական կյանքին վերաբերող իրադաձությունները: Երկու ամիս առաջ զույգը դուստր է ունեցել, իսկ դրանից հետո նրանք ընդամենը մեկ հարցազրույց են տվել Քիմի մոր՝ Քրիս Ջանների թոք-շոուին:
Իրենց առաջիկա հարսանիքի մասին աստղային զույգը նույնպես չի խոսում։ Այդ պատճառով էլ մամուլում հայտնվում են միայն այն լուրերը, որոնք ստացվում են նրանց շրջապատող աղբյուրներից: Դրանցից մեկն էլ կիսվել է Us Weekly ամսագրի հետ՝ ասելով, որ Քանյեն շքեղ հարսանիք է ուզում, իսկ ահա Քիմն ավելի համեստ արարողության կողմնակից է:
32-ամյա Քիմի այս ցանկությունը բացատրվում է նրանով, որ նրա նախկին հարսանիքի վրա 10 միլիոն դոլար էր ծախսվել, սակայն դա նրան երջանկություն չբերեց: Տեղեկացված աղբյուրի տվյալներով՝ այս անգամ հարսանիքը հեռուստատեսությամբ չի հեռարձակվի:
Հարսանիքն, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ում չի կայանա: Հնարավոր է՝ այն Ուեսթի փարիզյան առանձնատանը տեղի ունենա:













































