Օգոստոսի 26-ին Էրեբունի թանգարանի մոտից 500-2000 ավտովարորդ բողոքի երթով կշարժվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ պահանջելու նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը:
Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ խոսելով նախաձեռնության մասին:
Նա տեղեկացրեց, որ ուղևորափոխադրումների և տաքսիսպասարկման ոլորտը վերածվել է գռդոնի, իսկ նախարարությունն անգործության է մատնված, զբաղված է միայն դրամաշնորհային ծրագրեր իրականացնելով: Այդ է պատճառը, որ ոլորտը չի բարեփոխվում, և ոլորտում նոր հայեցակարգի մշակման կարիք կա, որն էլ ինքն առաջարկում է՝ նոր չափանիշներ և՛ ուղևորափոխադրումների, և՛ տաքսիսպասարկման ոլորտի համար:
Տիգրան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իր պատրաստած հայեցակարգն առաջիկա օրերին կուղարկի տրանսպորտի և կապի նախարարություն և կպահանջի, որպեսզի այն քննարկվի և օրենքի ուժ ստանա: Նա հստակեցրեց, եթե Բեգլարյանն ընդառաջ գնա իրենց պահանջներին, կդադարեն պահանջել նրա հրաժարականը:
«Կարևորը՝ գործ անեն, որ ոլորտը փոխվի: Պատրաստ ենք համագործակցեու, եթե ինքն ընդառաջ գա, դրա համար հետաձգվել է երթը ամսի քսանվեցին, որպեսզի ավտովարորդների բանակցությունները շարունակվեն հենց նախարարի հետ: Գրությամբ էլ կուղարկեմ Գագիկ Բեգլարյանին: Առաջարկում եմ նրան «լավ տղա» հասկացությունը դնել մի կողմ, նստենք օրենքի մասին, պետության, ժողովրդի մասին մտածենք: Ինքը մասնագիտությամբ լավ տղա է, ինքն է ինձ ասել այդ մասին. ես կոչ եմ անում նախարար լինել»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:







































