Ռեժիսոր, նկարիչ, երգիչ Ստաս Նամինի ծննդյան 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքում նրա թատրոնը դեկտեմբերի 16-ին` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ներկայացրեց հանրահայտ գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործության հիման վրա բեմադրությունը: «Այս մյուզիքլը գ րել եմ հատուկ երեխաների համար: Ողջ աշխարհում հայտնի ստեղծագործությունը պատմություն է կյանքի, սիրո մասին: Ֆրանսիացի հեղինակի զարմանալի գործը սիրում են նաև հասուն մարդիկ, քանի որ պարզ բառերով խորը փիլիսոփայություն է ներկայացվում»,-նշեց Ստաս Նամինը:
Անտուանի դերակատար Եֆիմ Կոլիտինովի խոսքով՝ իր առաջին քայլերն արել է Ստաս Նամինի թատրոնում և չի պատրաստվում հեռանալ թատերախմբից: «Ստասը փորձարկումներ անելու, զարգանալու հնարավորություն է տալիս: Նա շատ հետաքրքիր անձնավորություն է, որն ունի մեծ փորձ: Այս ներկայացումը շատ եմ հավանում և իմ դերում ինձ լավ եմ զգում, դրան նպաստում է նաև փոքրիկ իշխանի դերակատարը՝ Կոլյան, ում հետ միասին ենք սովորել և լավ ենք հասկանում միմյանց»,-ասաց Կոլիտինովը:
«Մինչ բեմադրությունը չէի կարդացել ստեղծագործությունը, քանի որ իմ մանկության գրականությունն այլ էր: Աֆրիկա մեկնելիս հետս վերցրեցի գիրքը և հենց Սահարա անապատում ընթերցեցի այն: Ստեղծագործությունը բավականին բարդ է և խորը. կարդալիս մտածում էի, թե ի՞նչն են հավանում երեխաները, հետո հասկացա, որ նրանք հերոսներին նմանեցնում են իրենց ծնողներին, իսկ մեծահասակների համար փոքրիկ իշխանը փիլիսոփայական առակ է: Սա ընտանեկան ներկայացում է, որը դիտում են և՛ երեխաները, և՛ նրանց ծնողները»,-ընդգծեց փոքրիկ իշխանին մարմնավորած երիտասարդ դերասան Նիկոլայ Նովոպաշինը:
Բեմադրությանը ներկա էին տարբեր տարիքի մանուկներ, որոնք մեծ խանդավառությամբ և հետաքրքրությամբ էին հետևում դերասանների խաղին:









































