ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ադրբեջանական այցը կուտ գնաց, թեև ռուսական կողմը երևի թե սպասում էր, որ այն տարածաշրջանային քիչ թե շատ նշանակալից էֆեկտ կունենա՝ ձեռք բերված պայմանավորվածությունների առումով: Սակայն տեղի ունեցավ այն, ինչ երևի թե չէին պայմանավորվել, համենայն դեպս՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը:
Փաստաթղթերի ստորագրման ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի անունը հնչեցնելիս հաղորդավարը մինչև Սերգեյ ասելը, լեզվի «սայթաքում» ունեցավ և ասաց՝ «սիքտիր»: Եվ այս լեզվի «սայթաքումը» բնականաբար դարձավ համաշխարհային մամուլի սեփականությունը. Միակ բանը, որ մնաց Պուտինի Բաքու կատարած այցից: Սրանից ավելի՝ Ռուսաստանը Բաքվին երևի միջուկային զենք պետք է մատակարարի, որ տեղի ունեցածն ինչ-որ կերպ մոռացվի:
Ինչու Ադրբեջանը որոշեց նման կերպ «սայթաքել» Ռուսաստանի «վրա»՝ երևի հայտնի է միայն Ալիևին ու Պուտինին: Սակայն թերևս ակնհայտ է, որ Բաքվի ու Մոսկվայի միջև ինչ-որ բան չի կպչում, չի ստացվում, ինչ-որ բանի վրա կողմերը սայթաքում են ակնհայտորեն:
Այստեղ, իհարկե, ուշագրավ է Բաքվի համարձակությունը՝ նման կերպ վարվել ռուսական պատվիրակության հետ, որը գլխավորում է անձամբ Պուտինը: Անշուշտ, պետք է նկատել ևս մի հանգամանք. Բաքուն, ամենայն հավանականությամբ, չէր համարձակվի նման քայլի դիմել, եթե կա՛մ բավականաչափ անկյուն քշված չլիներ, երբ արդեն կորցնելու ու նահանջի տեղ չկա, և մնում է միայն նման կերպ բարոյական բավարարություն ստանալ, կամ էլ եթե Ադրբեջանին այդ «դուխը» չտար ավագ եղբայրը՝ Թուրքիան, որն անկասկած դուրս չէր մնա ռուս-ադրբեջանական մերձեցման երեկոյից և թույլ չէր տա, որ կրտսեր եղբայրն ինքնուրույն հարաբերություններ կառուցի Ռուսաստանի հետ: Այսինքն՝ սայթաքման արմատները Մոսկվան պետք է ոչ թե Բաքվում փնտրի, այլ երևի թե Անկարայում:
Այսպես թե այնպես, ինչ-որ մեկին հաջողվել է հիմնավորապես փչացնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների, այսպես ասած, տարածաշրջանային իմիջը: Այդ հարաբերություններն այլևս ծաղրի են վերածվել: Թեև սրա տակ իհարկե կարող են վտանգներ լինել՝ այն տեսանկյունից, որ համընդհանուր այս ծաղրը շղարշի այն հնարավոր վտանգավոր պայմանավորվածությունները, որ այնուամենայնիվ կարող են և լինել: Համենայն դեպս, կողմերը հայտարարեցին, որ բոլոր հարցերում համակարծիք են և ֆանտաստիկ մակարդակի են հասցնելու տնտեսական հարաբերությունները:
Այս հայտարարություններն իհարկե խլացան հաղորդավարի հայտնի սայթաքման արդյունքում, այսուհանդերձ, իրադարձությունների հետագա զարգացումը պետք է լինի համակ ուշադրության կենտրոնում:









































