Պաշտոնական Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են բոլոր առանցքային հարցերում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ իր գործընկերոջ այցին մեծ նշանակություն է տրվում: Նա ընդգծել է, որ այսօրվա հանդիպմանը քննարկվում է փոխադարձ շահերին վերաբերող հարցերի մեծ շրջանակ: «Մեր հարաբերությունների օրակարգը լայն է, համագործակցությունը՝ բազմապլան, բազմակողմանի և ընդգրկում է գործնականում բոլոր ոլորտները՝ տնտեսական փոխհամագործակցությանը, մարդասիրական ոլորտին, տրանսպորտին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Բոլոր հարցերի վերաբերյալ մենք շատ մոտ դիրքորոշումներ ունենք»,- ասել է Ալիևը: