Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանից ներմուծվող գազի համար վճարել ազգային արժույթով՝ լիրայով։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի էներգետիկ նոր քաղաքականությունը նախատեսում է էներգառեսուրսների ոլորտում առևտրային խոշոր գործընկերների հետ հաշվարկներ կատարել ազգային արժույթով։ Նախարարի խոսքով՝ համապատասխան բոլոր կառույցներն աշխատանք են տանում այդ ուղղությամբ։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքիան մտադիր է մի շարք երկրների հետ առևտրաշրջանառությունն իրականացնել ոչ թե դոլարով և եվրոյով, այլ ազգային արժույթով։ Ստամբուլի բորսան իր հերթին որոշում է կայացրել դեկտեմբերի 2-ից բոլոր կանխիկ միջոցները վերածել լիրայի և հաշվեհամարների վրա միջոցները պահել ազգային արժույթով։









































