Ըստ հայկական տոնացույցի՝ տարվա առաջին ամիսը կոչվում էր Նավասարդ, երբ հայերն այս օրը նշում էին նոր տարին: Տոնը համընկնում է այժմյան օրացուցային օրվա օգոստոսի 11-ին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազգագրագետ Սամվել Մկրտչյանն ասաց, որ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի աշխատություններում Նավասարդի մասին նյութեր կան, ըստ որոնց Նավասարդը Հայկ Նահապետի դուստրերից մեկի անունն է, ում պատվին Նահապետը տարվա առաջին ամիսը անվանել է Նավասարդ: Նա նշեց, որ ավանդական կենցաղում Նավասարդն ընկալվում էր որպես տնտեսական տարվա ավարտի՝ նախրաթողի և աշնանային բերքահավաքի շրջան: Քրիստոնեության ընդունումից հետո տոնը որոշ փոփոխություններ կրեց և պահպանվեց հիմնականում Վարանդայում, Գանձակում, Սյունիքում, Գողթնում, Շուլավերում, Պարսկահայքում:
Ինչպես նշեց ազգագրագետը, Նավասարդի կապակցությամբ յուրաքանչյուր տուն պատրաստում էր տոնի գլխավոր ուտեստները՝ կորկոտ և հարիսա: Նախիջևանի և Երևանի գավառներում տարածված էր հարիսան, իսկ Արցախում՝ քէաշկեն կամ քէշկէկը՝ հերիսան: Գողթնում հարիսայի հետ նաև խաշ էին եփում, իսկ Խնձորեսկում սկուտեղին յոթ տեսակի միրգ էին դնում, որը տանտիկինը մատուցում էր ընտանիքի անդամներին և հյուրերին: Տոնական սեղաններին պարտադիր էր աղանձեղենը, ընկույզը, քաղցրեղենն ու մրգերը:
Սամվել Մկրտչյանն ասաց նաև, որ խորհրդային տարիներին տոնի նշանակությունն անկում ապրեց և կարծես թե մոռացվեց, սակայն վերջին տարիներին տարբեր հասարակական կազմակերպություններ վերականգնել են հին ավանդույթները և շարունակում են այն նշել. «Նավասարդը հայերի ամենասիրելի տոներից էր, որովհետև այս օրը մարդիկ մոռանում էին բոլոր խռովությունները, փորձում էին հաշտվել, կազմակերպում էին տարբեր խաղեր, երեխաները երգելով շրջում էին գյուղում և երդիկներից կախում տոպրակներ կամ գուլպաներ, որոնց մեջ տանտիրուհիները քաղցրեղեն, մրգեր կամ մետաղադրամ էին լցնում»:
Նա նաև նշեց, որ Նավասարդը եղել է բերք ու բարիքի, կյանքի հարատևությունը խորհրդանշող տոն, և մարդիկ հավատացել են, որ Նավասարդը տունը լցնելու է հաջողությամբ և խաղաղությամբ:











































